Բարեվ ձեզ, սիրելի բարեկամներ: Իսկապես մեր "Նորշեն" սայթում ակտիվությունը բավական ցածր է: Օգտվողներն հիմնականում երիտասարդներ են և դա լավ է իրար ճանաչելու,ծանոթանալու համար: Սակայն անհասկանալի է, թե ինչու են հաղորդումներն ու նյութերը այսքան քիչ: Կարծում եմ բոլորիս համար ճիշտ կլինի ավելի հաճախակի հաղորդակցվել, նորություններ փոխանակել, մեզ վերաբերվող հետաքրքիր նյութեր քննարկել և այլն: Նախկինում գյուղից շատ քչերն եին դուրս գալիս, իսկ ներկա ժամանակներում, երբ մեր գյուղի ժողովրդի մեծ մասը սփռվել է ամբողջ աշխարհով մեկ, մենք ուրիշ միջոց չունենք մեր ինքնությունը, սովորությունները, ծեսերը պահելու և փոխանցելու մեր հաջորդ սերունդներին: Այս առումով շատ գնահատելի են մեր համագյուղացիներ Գ.Շիրխանյանի,Մ.Դարբինյանի,Պ. Հակոբյանի, Վ.Դարբինյանի կատարած աշխատանքները(եթե էլի կան ու ես չեմ նշել,թող ներեն ինձ): Համագյուղացիների մեջ շատ քննարկումներ եղան հատկապես Վ.Դարբինյանի գրքերի վերաբերյալ, եղան նաև քննադատողներ: Իհարկե, որոշ սխալներ ու թերություններ կային, սակայն պետք է հաշվի առնել այն ահռելի աշխատանքը, որ նա կատարել է չլինելով համապատասխան մասնագետ, և այդ ժամանակաշրջանի դժվարին տարիներին ( ՍՍՀՄ-ի քայքայումից հետո), կարողացել է գրքերը լույս ընծայել: Պետք է արժանվույնս գնահատել ու շնորհակալություն հայտնել: Ինչպես ժողովուրդն է ասում'"չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում ": Վերջերս լույս տեսավ նաև Հայաստանի հայտնի գիտնական ու մեծ հայրենասեր Սամվել Կարապետյանի պատկերազարդ "ԱԽԱԼՑԽԱ" աշխատությունը:Այն շատ գիտական ու հիմնավոր աշխատանք է: Ընթերցելուց հետո,Ախալցիխեին վերաբերվող ու մինչ այդ անհասկանալի շատ պատմական հարցեր պարզ դարձան:Մյուս գյուղերի հետ միասին բերված են նաև Ծղալթբիլային վերաբերվող պատմական տվյալներ ու կան հետաքրքիր նկարներ:Այդ հարցում նրան մեծ օգնություն է ցուցաբերել մեր համագյուղացի Լուիզա Մոսոյանը, որի համար նրան ևս երախտապարտ պետք է լինել և առիթից օգտվելով, Լուիզային ցանկանում եմ կամք և համբերություն: Իհարկե, այստեղ իմ նպատակը չի կամ ինձ չեմ վերապահում գյուղի համար կատարված օգտակար գործերի գնահատողի դերում հանդես գալ (այն գնահատվում է ժողովրդի կողմից), բայց ըստ իս չպետք է մոռանալ ամեն մի բարի գործ,լինի դա գյուղի պատմությանը վերաբերվող կամ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանն ուղղված բարեգործություն: Չեմ ուզում անուններ նշել,միայն կարծում եմ ճիշտ կլինի գնահատել կատարված գործն ու շնորհակալ լինել: Գուցե ուրիշներն էլ ունեն հնարավորություններ, բայց ցանկություն չի առաջացել գյուղին օգնել, այնպես որ որոշ հայրենակիցների կողմից բարեգործների հանդեպ մեծ պահանջներ դնելը կամ դժգոհելը, իմ կարծիքով սխալ է: Հիմա անցնենք "Նորշեն" սայտին: Նախ և առաջ շնորհակալ պետք է լինել Արարատից այն ստեղծելու և տնօրինելու համար,ինչպես նաև օգնողներից, սպոնսորներից ու բոլոր ակտիվ մասնակիցներից: Հատկապես կուզենայի նշել Ֆլորա Աղաբաբյանին , որ միշտ հետաքրքիր ու գրագետ նյութեր է ներկայացնում: Ցանկության դեպքում, ամենքն էլ իրենց հնարավորությունների չափով կարող են ակտիվ մասնակցություն ունենալ:Հավանաբար,իմ նման բոլորն ել այս սայտը բացում են կարոտով ու հետաքրքիր նյութերի, նկարների ակնկալիքով և ուրախանում լավ նորություններով:Եկեք մի փոքր ժամանակ տրամադրելով, ուրախացնենք մեկս-մյուսին: Ցանկացած նյութ,նորություն կամ նկար գյուղի վերաբերյալ բոլորիս ել հետաքրքրում են: Չեմ կարծում մեզանից որևէ մեկն անտարբեր կլինի գյուղի ու նրա ժողովրդի հանդեպ: Օրինակ ծառայելու համար, աղջիկս' Թերեզան, առաջարկեց գյուղի մասին փոքր,իրական պատմություններ գրել:Ես իհարկե,դեռևս գրելու փորձ չեմ արել, բայց մտահղացումը հետաքրքիր է:Փորձեմ,տեսնենք, գուցէ իսկապես օրինակ կլինի մյուսների համար:Հասկանալի պատճառով անուններ չեմ նշում, բայց պատմություններն իրական են: Ահա մեկը պատահական մտքիս եկավ:
Քենակալները (Բաջանաղները)
Հին ժամանակ դաշտերը միայն ձեռքերով կամ եզներով էին մշակում և հաճախ իրար օգնելու կարիք էր լինում: Մի անգամ,բաջանաղներից մեկը, իրա դաշտում աշխատելու համար օգնությանէ կանչում մյուսին: Երկուսով գնում են Վերի Իսկա, ամբողջ օրն աշխատում և վերադառնում տուն:Օգնության գնացած բաջանաղը կնոջը բողոքում է, "անոթի մեռա, սաղ օրը բան չեմ կերի": Կինը, թէ' "քա քոռանամ ես, հբա եդ աննամուս քուրս հաց չէր? դրի, հլա իդյոր այե": Մոտիկ օրերին հանդիպում է քրոջը և ամոթանք տալիս' "աղջի չամնչած, եդ մարդկանց ամբողջ օրը ինչի? ես անոթի սատկեցուցի": Քույրը զարմացած պատասխանում է ' "աղջի իշ ? քսես,մե մեծ հավմ էի տապկի, հետն էլ էլի ինչ-որ պետք էր դրել էի": Օգնող ամուսնու կինը գալիս է տուն, պատմում եղելությունը: Մարդը նոր զարմանում է, թե "ես է քսեմ, դե ես մարդը իշխո չուչուստ ձորը շռելու կերթա":
Աչքալուսանք
Բարև սիրելի հայրենակիցներ: Նախորդ "փոքր պատմությունից " հետո ստացա մի քանի դրական արձագանք, որը ինձ բավական ոգևորեց: Նախորդի վերաբերյալ ասեմ, որ ինձ համար անսպասելի, տեքստը տեղափոխելու ժամանակ, որոշ տեղերում, փակագծի փոխարեն երևան եկան կանաչ գույնի փոքրիկ մարդագլխիկներ: Հնարավոր է նույնը կրկնվի նաև այս տեքստում, որի համար ձեր ներողամտությունն եմ հայցում: Ինչպես նշել եմ, այս պատմությունները իրական են ու բնորոշում են այդ ժամանակաշրջանի մեր գյուղի մարդկանց կյանքը, ապրելակերպը, ծեսերը, սովորությունները, կատակները և այլն: Այս բոլորը նույնիսկ մեկ սերնդի կյանքի ժամանակամիջոցին զգալի փոխվում են: Այդ առումով ժամանակակից սերունդը, հաշվի առնելով նաև օտարության մեջ ապրելու փաստը, այս պատմությունները կարող է այնպես չի ընկալում ինչպես գյուղում ապրած ու մեծացած ավելի տարիքավորներս: Հետաքրքիր կլիներ լսել նաև նրանց կարծքները: Հիմա անցնենք գյուղի մասին հերթական փոքրիկ պատմությանը: Ինչպես շատերդ գիտեք, Երկրորդ աշխարհամարտին մեր գյուղից մասնակցել են 328 հոգի, որից 162-ը զոհվել են: Կարելի է պատկերացնել հարազատների ու գյուղացիների որևե մեկի վերադարձի լուրը լսելու ուրախության չափը այդ տարիներին: Եվ ահա գյուղում լուր է տարածվում, որ մեկը վերադարձել է պատերազմից: Վերադարձողի կնոջ մորաքույրը մյուս քրոջ 11-12 տարեկան աղջկան արաջարկում է վերադարձողի ծնողներին աչքալուսանք տանել յայլա:Աղջիկը տարակուսում է, թե արդեն ուշ է ու այդ թաղի երեխաներից վաղուց գնացած կլինեն: Մորաքույրը հուսատրում է, թե ամեն մեկի բախտն իրա հետ է, դու գնա: Աղջիկը լսում է մորաքրոջն ու ճանապարհ ընկնում դեպի յայլա: Հասնում է Նագութլու տակը և տեսնում, որ վերադարձողի թաղից իրեն հասակակից մի քանի երեխաներ պանդայի ծառի տակին խաղում են:Զգուշորեն հարց ու փորձ է անում և իմանում, որ աչքալուսանք գնացողներ են:Աղջիկը արագորեն կողմնորոշվում է ու բացատրում, թե ինքն էլ գնում է Վերի յայլեն իրա մոր տուն և քանի որ մի քիչ ավելի հեռու է գնալու, ավելի ճիշտ կլինի ինքը շուտ գնա որպեսզի հետո միասին վերադառնան գյուղ:Այսպես համոզում է գնացողներին ու ինքն առաջ ընկնում: Հասնում ե մինչև Մժեղոտի բարձունքը ու այնտեղից գոռում դեպի ներքև, թե ես ձեզ խաբեցի, ես ել եմ գնում աչքալույսի: Երեխաները խառնվում են իրար, սկսում են վազել, բայց արդեն չեն կարող հասցնել: Մեր պատմության աղջիկը լուրը հասցնում է վերադարձողի ծնողներին ու ստանում իրա պարգև փողը: Մի քիչ հետո հասնում են նաև մյուսները, պատմում եղելությունը ու նույնպես ստանում համանման պարգևներ: Այստեղ մի փոքր բացատրություն տամ ավելի երիտասարդ ընթերցողների համար: Մեր գյուղի սկզբնական յայլան եղել է Հին յայլեն, որը Վալու յայլի տակն է ու հիմա այնտեղ խոտհարք է: Հետագայում տեղափոխվել են ներկայիս տեղը, բայց միաժամանակ եղել է նայեվ Վերի յայլեն, որը ներկա յայլայից մի քիչ վերև էր ու հին աղբյուրը գտնվում էր երկու նոր յայլաների միջին մասում: Հետագայում Վերի յայլեն վերացավ, 60-70-ական թվականներին խողովակներով նոր ջուր բերվեց ու աղբյուրը մոտեցվեց ներկայիս յայլային: Վերը բերված պատմության այս աղջիկը շատ խելացի ու ճարպիկ է, այդպես է եղել ամբողջ կյանքում, հիմա ել ապրում է, Աստված թող առողջություն,երկար կյանք տա իրեն ու եթե այս մեր պատմությունը իրեն հասավ,թող մի փոքրիկ ուրախ հիշողություն արթնացնի:
|