Այսօրվա պատմության թեման Զատիկի գյուլաշն է: Անցած տարի Զատիկին ես գյուղում էի, առաջվա նման շատ մարդ չէր հավաքվել, բայց բավական հետաքրքիր գյուլաշ եղավ: Հույս ունենանք, որ հետագայում գյուղ գնալ-գալու դժվարությունները կվերանան ու առաջվա նման այդ մեծ տոնը բազմամարդ կլինի: Զատիկի գյուլաշի այդ սովորությունը հավանաբար մեր պապերը բերել են Էրզրումից: Տարիների ընթացքում այն համարյա չի փոփոխվել ու գյուղի բոլոր հասակի մարդկանց համար եղել է տոներից ամենահետաքրքիրը: Ինչքան ես եմ լսել մեր մեծերից, սկզբնական շրջանում գյուլաշը տեղի է ունեցել Պիջոյենց կալում, հետագայում այն տեղափոխել են Ափարանենց կալը, եկեղեցու ճանապարհի ներքևը: Այնուհետև մի որոշ ժամանակ բաղնիքի հրապարակում էր, որից հետո շարունակվեց Ճոճերում, իսկ անցած տարի տեղի ունեցավ Ներքի գոմերի տեղում: Բոլորս էլ ձգտել ենք ամեն տարի մասնակցել Զատիկին և ունենք նրա հետ կապված հետաքրքիր հիշողություններ, տպավորություններ:Սակայն մի աննշան դեպք(դրվագ ) երկար տարիներ մնացել է հիշողությանս մեջ ու որոշեցի այն կիսել ձեզ հետ: Մի անգամ,Զատիկին նորից գյուղում էինք, վերջացել էր արդեն գյուլաշի երրորդ օրը, ժողովուրդը գնացել էր իրենց տները, հայրիկիս ու հետս եկած ընկերներիս հետ Ճոճերի վերևի ճանապարհով մեքենայով գնում էինք դեպի Տորուխլուղի կողմ ման գալու: Դեռ չեր մթնել, լավ երևում էր գյուլաշի կալի կլոր շրջանը չորացած խոտով, շուրջը քարեր նստողների համար:Նկատեցինք, որ այդ քարերից մեկի վրա գլուխն ափերի մեջ առած միայնակ նստած է մի ծեր մարդ:Պատկերն անսովոր էր ու մենք կանգնեցինք, դուրս եկանք մեքենայից: Մարդը անշարժ նստած էր խորասուզված իր մտքերի մեջ: Մի քիչ հետևելուց հետո,հայրս ճանաչեց ու ափսոսանքով կոչեց " Ծօօօ ...! Բիջոյենց Մանասն է, ջահել վախտը էնոր Ղոռղոռմի սամթեն(приём) հեչ մեկմ չեր կյնա պրծնի": Ամեն մեկս մեր մեջ պատկերացրինք գյուղի նախկին անվանի փահլևանի մտորումները ու լուռ շարունակեցինք մեր ճանապարհը…