Այս պատմությունն էլ Ջուլղայի մասին է : Այն ինձ պատմել է մայրս, կարծում եմ իրականություն կլինի քանիզի ինքը Ջուլղայի ծնունդ էր և ուրիշների ասելով շատ կատակասեր,առաքինի ու սիրված կին էր: Սիրելի մայրս անցած տարի մահացավ, Աստված ողորմի իրա հոգուն, թող այս պատմությունը փոքրիկ հիշատակ լինի իրանից: Ջուլղացի մի երիտասարդ ձմռան սկզբներին գնում է Ախալքալաքի գյուղերից մեկում աղջիկ հավանելու:Իրա սրտի ուզած հարսնացուն գտնում է, բայց աղջիկը չեմուչում է անում: Համոզելու համար, ճարպիկ երիտասարդը իրեն ներկայացնում է որպես գյուղի հարուստներից մեկը և ասում, որ ունեն նաև զանազան մրգատու ծառերով մեծ այգիներ:Ինչպես գիտեք, Ախալքալաքում մրգատու ծառեր չկան ու նրանք շատ բարձր են գնահատում փեսացուի այդ առավելությունը, համաձայնվում ու իրենց աղջիկը տալիս են: Ամուսնությունից հետո փեսան նորահարսին հարևանների այգիները ցույց տալով ներկայացնում է իբրև իրենցը: Ձմեռը անցնում է, սկսվում է գարունը: Հարսը, երբ տեսնում է ուրիշներ գնում են իրենց այգիները մաքրելու, ամուսնուն հարցնում է, թէ իրենք երբ են գնալու այգին մաքրելու? Ամուսինը հանգիստ պատասխանում է, թէ այդ այգիները միայն ձմռանն են իրեցը: