Մեր ու հարևան գյուղերի բարբառները հիմնականում նույնը լինելով, յուրաքանչյուրն ունի նաև նուրբ յուրահատկություններ, որոնցով գյուղացիները հեշտությամբ տարբերում են խոսակցի որտեղից լինելը: Փոքր հասակում հաճախակի դա առիթ էր դառնում իրար տնազ անելու և զվարճանալու: Անծանոթ մարդու համար այդ նրբությունները աննկատելի են մնում և բարբառը ընկալվում է որպես ընդհանուր, մի դժվար հասկանալի խոսելաձև: Դպրոցական տարիներին աշակերտներիս ու ուսուցիչների համար էլ այն բավական բարդություններ էր առաջացնում: Հիշում եմ, երբ առաջին դասարանում տառերը սովորելու ժամանակ աշակերտներից ոմանք նկարի տակ տառերով կարդում էին ա-ք-լ-ո-ր և արտասանում` "խորոզ", կամ կարդում ա-ն-ի-վ ու արտասանում` "թաքըռ": Կարծեմ 7-րդ դասարանում էինք, երբ վերլուծելով "Հացավան" վեպի գլխավոր հերոս Գարեգինի կերպարը, հանդիպեցինք մի դրվագի, որտեղ ասվում էր, թէ ինչպես նրա փոքր ժամանակ իրենց եզն ընկել է առվույտն ու սատկել: Չիմանալով "առվույտ" բառը, մենք զարմացած դասատուին հարցրեցինք, թե ինչպես կարող է խոշոր եզը ընկնի "առվունը" և սատկի: Այն ժամանակ այդ ամենը մեզ համար զարմանալի չէր և իրականության հետ հաշտված էինք, որ կա երկու, իրարից տարբեր ՝ Հայաստանի ու մեր գյուղի հայերեն: Ավելի դժվար էր Հայաստանից առաջին անգամ գյուղ եկող անծանոթների համար, երբ գյուղի խոսակցությունները համարյա չէին հասկանում: Այն տարիներին Հայաստանի հետ շփումները դեռ շատ քիչ էին ու նոր էր սկսվել Երևանում սովորելու բոլորի ձգտումը: Հիմա վիճակն այլ է. շատերը ամուսնացել են հայաստանցու հետ, ունեն այնտեղ ապրող երեխաներ ու թոռներ, հաճախակի գնում գալիս են և լեզվի այդ պրոբլեմը այլևս չի նկատվում: Նորից դպրոցական տարիներին էր, երբ Ախալցխայից մեր հարևանի տուն հանգստանալու էին եկել երիտասարդ մի կին իր Երևանի ընկերուհու ու ծծկեր երեխայի հետ: Նրանք երեխային գրկած, տան առջևում նստած զրուցում էին, երբ մոտեցավ հարևան մեծահասակ կանանցից մեկն ու խրատական նկատողություն արեց. "Իդա անասուն տղին արեգկին տակը իշխո էս բերի, նէ տա՛ր": Երևանցի ընկերուհին զարմացած մյուսին հարցրեց, թե անմեղ երեխային ինչու է այդ կինը "անասուն" անվանում: Նա ավելի ծանոթ լինելով գյուղի խոսելաձևին, բացտրեց բառերի իմաստը և ընկերուհուն հանգստացրեց: Համագյուղացի ընթերցողի հիշողությունները թարմացնելուց ու անծանոթին նախապատրաստելուց հետո, անցնենք մեր հերթական, իրական փոքրիկ պատմությանը: Նկարագրվող տարիներին գյուղից հատուկենտ երիտասարդներ էին լինում, որ ամուսնանում էին Հայաստանցի աղջիկների հետ: Մեկի ուսանող տղան իր ընտանիքի համաձայնությունյ արդեն ստացել է "օտար" աղջկա հետ ամուսնանալու և մի քանի հարազատների հետ գնացել են Հայաստան նշանի արարողության: Հետները տարել են նաև հարազատներից մեկի նախադպրոցական աղջնակին: Տեղ հասնելուց հետո, ընդունված ձևով ծանոթանում ու սկսում են նշանի ծեսը: Հետները բերած փոքրիկ աղջկան ուղարկում են հարևանի հասակակից երեխայի հետ նրանց տանը խաղալու: Նշանվողների մայրերը իրար կողքի նստած լինելով, բավական դժվարությամբ իրար հասկանալով, սկսում են զրուցել: Այդ ընթացքում փեսացուի մայրը, ցանկանալով իր տղային լավ կողմից ներկայացնելու, ապագա զոքանչին ասում է. " ?....կ ջան, գիտես? մանչս շատ աներես է": Այստեղ աղջկա մայրը անսպասելի խոստովանությունից հանկարծակի է գալիս ու մտածում, թէ այս ում? են աղջիկ վստահել, որին նույնիսկ հարազատ մայրը համարում է աներես: Պահը հարմարեցնելով, մյուսների համար աննկատելի, աղջկան կողքի է տանում և հայտնում ապագա սկեսուրի խոստովանությունը: Աղջիկը արդեն որոշ չափով ծանոթ լինելով բարբառին, մորը հանգստացնում է՝ բացատրելով այդ բառի բոլորովին հակառակ իմաստը: Այդ ընթացքում հարևանի փոքրիկ աղջիկը մոտենում է իրա մայրիկին ու բողոքում, թե չի ուզում այն երեխայի հետ խաղալ: Երբ մայրը հարցնում է պատճառը, նա պատասխանում է. "Ինքը անգլերեն է խոսում": Հարսնացուի մայրը սա ևս լսելով, արդեն համոզվում է աղջկա բացատրության ճշմարտության մեջ ու միջադեպը աննկատ անցնում է: