Այս պատմությունները կարդալիս, անծանոթ ընթերցողի մոտ հնարավոր է տպավորություն ստեղծվի, թե մեր գյուղում բավական թիվ են կազմում գող, անազնիվ ու վատ մարդիկ: Հասկանալի է, որ ամեն տեղ էլ կլինեն նման անհատներ, սակայն տվյալ ժողովուրդը ճանաչվում է իր ընդհանուր նկարագրով ու մեծամասնության որակավորմամբ: Առանց անհամեստության պետք է նշեմ, որ մեր գյուղի ժողովուրդը լավ համարում ունի թե` ներսում և թե` դրսերում: Հիշում եմ, երբ իմ դպրոցական տարիներին հայաստանցիները ձմերուկ էին բերում վաճառելու, գյուղի կենտրոնում գիշերը այն թողնում էին առանց հսկողության ու ապահով քնում գյուղացիներից որևէ մեկի տանը: Գյուղի ժողվրդի համախնբվածությունն ու միմյանց օգնելու պատրաստակամությունը հատկապես նկատվում է վատ դեպքերի ու դժբախտ պատահարների ժամանակ: Գնահատելի է, որ այն շատ ընդունված է նաև դրսում ապրող մեր հայրենակիցների մոտ: Հեռվից հեռու լսելով նման իրականությունը, ինքդ քեզ լավ ես զգում և կարոտով լցվում հայրենիքիդ ու ժողվրդիդ հանդեպ: Շատ տարիներ առաջ տեղի ունեցած այս փոքրիկ դեպքը վերջերս ինձ անձամբ պատմել է նրա մասնակիցը` բնութագրելով մեր համագյուղացիներից մեկ ուրիշին: Նրանք գնացքով ճանապարհ են ընկնում դեպի Ռուսաստանի հեռավոր մի քաղաք, նախօրոք ուղարկված կարտոֆիլը ծախելու համար: Ճանապարհին, մի կայարանում պատմողը իջնում է, մտնում մի քիչ հեռու գտնվող խանութ և ուշանում գնացքից: Այդ օրը այլևս հնարավոր չի լինում ճանապարհը շարունակել, ստիպված սպասում է ու հաջորդ օրը նույն ժամի գնացքով հասնում իրենց նպատակադրված քաղաքը: Գնացքից իջնում և տեսնում է, որ իր ուղեկիցը կայարանի կառամատույցում իրեն է սպասում: Վերջինս տեսնելով ընկերոջը, ուրախանում է ու միաժամանակ նախատում, թե ամբողջ օրը սոված այստեղ է անցկացրել, դիմավորելով այդ կողմերից եկող բոլոր մարդատար գնացքներին: Պատմողը դրանից ազդվում է, մտքում իրեն դատապարտում ընկերոջը նեղություն պատճառելու համար։ Սակայն զարմանքն ու հիացմունքը մեծ են լինում, երբ սպասողը իրեն է մեկնում գնացքում թողած իր տոպրակը ամբողջ պարունակությանմբ ՝ կես շիշ արաղ, մի խաշած հավ, լավաշ ու մի զույգ գյուղի գաթա: Նա այդ իրավիճակը, դեմքի հիացական արտահայտությամբ ինձ հաղորդեց հետևյալ բառերով. "Պատկերացնես կու, սաղ սուտկեն պեռոնին անոթի կայնած ինձի գյոզաթ է էրի օ, հլա տոպռկին բերանն է չէ բացի այէ տե մեջը իշ կա":