Ինչպես հավանաբար բոլոր բնակավայրերը, մեր գյուղը նույնպես ուներ իր յուրօրինակ մարդիկ, որոնք բոլորին հայտնի էին իրենց զանազան "ընդունակություններով". աչքաչափով կամ առանց կշեռքի կշռելու ունակությամբ, ճիշտ ու սուտ գուշակություններով, մյուսներին չարախոսելու կամ ծաղրելու սովորությամբ, անհիմն մեծախոսությամբ կամ չափազանցված ստերով, հայհոյելու առանձնահատուկ մոլուցքով, հարբեցողությամբ և այլ բազմապիսի "շնորհքներով": Այդպիսի "մարիֆաթներ" ունեցողների անունները տալով` գյուղում, տարբեր առիթներով, միմյանց նմանեցնում էին նրանց ("իչղ օ …ենց Ա ...-ն ըլլիս"), գովաբանում ("Համաա Մ…-ին պես կայնաս կշռի") կամ նախատում էին իրար ("Դու խո այնա Պ…-ը չիէս?"): Գյուղի թաղերից մեկի մեծահասակ տղամարդիկ, գարնանային արևի տակ, մեկի տան առջևի քարերի ու գեանների վրա նստոտած, զրուցում են և թազբեհ քաշում: Տնից դուրս է գալիս ու նրանց մոտենում իր անշառ մեծախոսությամբ ու ամեն ինչի մեջ խառնվելու սովորությամբ արդեն վաղուց հայտնի դարձած հարևանը: Հավաքվածներից մեկը, որ աչքի է ընկնում իր կատակասիրությամբ ու մյուսներին ծաղրելու "ծիրքով", հարևանին տեսնելով` զրուցակիցներին զգուշացնում է, թե ինքը նրա հետ կատակ է անելու և թող մյուսներն էլ իրեն աջակցեն: Նոր եկողը նույնպես նրաց կողքին նստում է ու միանում զրույցին: Վերջին թեման ավարտվելուց ու մի փոքր դադարից հետո, կատակասեր հարևանը զարմացական տոնով ասում է. "Այ մարդ, քանիմ օր առաջ Ախցխա բազար էի քնացի, հոն մե Ադիկիոնցի ծանոթըմ ռաստ էկավ, քսե տե խորոզմ ունի ամմեն օր էրկու հավկիթ կածե": Կողքի ունկընտիրները իբր հավատում են նրա ասածին և իրենց համապատասխան արտահայտություններով զարմանք ցույց տալիս, իսկ զրույցին նոր միացած հարևանը անմիջապես "խայծը բռնում է" ու ավելացնում. "Հեռու ուր կերթաք, մեր խորոզը անցած տարի օրը իրեք հավկիթ կածեր": Կինը բալկոնից "ականջի պոչով" լսում է այդ ամենը ու ջղայնացած ամուսնուն նախատում. "Ծո միամիտ, էդիոնք քու վրեդ կու խդան, չէս? հասկնա":