1938 թվականին մեր գյուղի Սուրբ Փրկիչ եկեղեցին խորհրդային կարգերը դարձրել են ակումբ: Ես դեռ փոքր էի, այնտեղ կինո էի գնում: Կինոի տոմսն արժեր ընդամենը 50 կոպեկ (1961թ. հետո` 5 կոպեկ), սակայն փոքր երեխաներից ավելի ճարպիկները խուսափում էին վճարել ու կինո էին մտնում պատուհանի երկաթյա ճաղերի արանքով, կամ եկեղեցու կողքին գտնվող բարձր բարդու ծառով բարձրանում էին տանիքը, այնուհետև գմբեթով իջնում եկեղեցու ներսը: Փոքր ժամանակ մի անգամ ես ևս փորձել եմ պատուհանով մտնել, բայց չստացվեց, իսկ մեկ ուրիշ անգամ` մի քանի երեխաներով, նախօրոք ներսից բարձրացել էինք տանիքի մեջ ու կինոն սկսվելուց հետո, գմբեթով իջնելիս բռնվեցինք և մեզ դուրս արեցին: Հաճախ պատուհաններից մտնողներին նույնպես հայտնաբերում ու դուրս էին հանում: Այն ժամանակ դեռ գյուղում էլեկտրականություն չկար ու կինոն ցույց էին տալիս բենզինով աշխատող գեներատորով: Երբ երեկոյան եկեղեցու մոտից լսում էինք մոտորի ձայնը, արդեն գիտեինք, որ Ախալցխայից Գրիշան կինո է բերել ու շուտով սկսվելու է: Նա կինոյի ընթացքում երբեմն նաև բարձրաձայն բացատրություններ էր տալիս: Օրինակ, հիշողությանս մեջ մնացել է նրա Ախալցխայի բարբառով ասած հետևյալ խոսքերը. "Ջրի ասդին մերոնք են, ջրի անդին անոնք են": Եթե չեմ սխալվում, այն իմ տեսած առաջին ֆիլմն էր` "Застава в горах"(1953թ.): 1954-55թթ. եկեղեցին դարձրին պահեստ ու կինոներ ցույց էին տալիս եկեղեցուց քիչ ներքև գտնվող կոլխոզի գրասենյակում: Այնուհետև գրասենյակի տակ գտնվող պահեստը վերափոխեցին ու դարձրին գյուղի ակումբը իր փոքր բեմով, 2-3 հավելյալ փոքր սենյակներով ու շենքի դրսից ավելացրած կինոմեխանիկի խցիկով: Այնտեղ արդեն կինոն նայում էինք էլեկտրականությամբ աշխատող երկու ցուցատրող սարքերով ու Գրիշայի ժամանակվա կինոի միջանկյալ ընդահատումները այլևս չէին լինում: Ես չեմ հիշում, որ այդ "կլուբում" մեր կոլխոզը նաև բիլիարդ է ունեցել: Վերջերս եմ իմացել այդ մասին ու լսել դրա հետ կապված մի փոքրիկ պատմություն: Վերևում նկարագրվող ժամանակաշրջանից շատ տարիներ անց, մեր մեծահասակ համագյուղացիներից մեկը, Ռուսաստանում ապրող իր տղայի տանը, 19-20 տարեկան թոռանը պատմում է, որ սովետական կարգերի հաստատումից հետո գյուղի եկեղեցին դարձրել են կլուբ և կինոներ ցուցադրել, իսկ հետո` կոլխոզի պահեստ: Կլուբի ժամանակ այնտեղ եղել է մի բիլիարդի սեղան իր հարմարություններով, իսկ երբ եկեղեցին վերափոխել են պահեստի ու դեռ նոր ակումբ չի եղել, կոլխոզը որոշել է բիլիարդը ծախել: Պատմող պապիկը, այն ժամանակ երիտասարդ տարիքում, համապատասխան գումարը կոլխոզին վճարել ու բիլիարդը գնել է: Թոռը ուրախանալով ու մտքում հպարտանալով, որ դեռ այն տարիներին իր պապի տանը բիլիարդ են խաղացել, մեր գյուղի բարբառով հարցնում է. - Մ… պապ, էտև դու բիլիարդ լավ խաղայիր կու? Պապը պատասխանում է. - Է չէ, ես ուրթի տի բիլարդ խաղալ գիտնայի? - Հպա բիլիարդը իշխո գնեցիր? - Առա օ վրեցի կտյորը հանեցի, մամդ հորդ օ հորողբորդ համար հալավ կարեց, իրենք պիճիկ էին, հագնեին կու, էման է ռունդ էին էղիօ։ - Հպա տակի ստոլն օ բրյերը ինչ էրիր? - Կոտռտեցի, վառեցի: Չյոր փետ էր, էման է լավ վառեցավ օ։ - Է հպա քարերն ինչ էղան? - Մերըս հավերուն տակը բունգալ կու դներ։