Ինչպես նշել եմ նախորդ պատմություններում, վերջին տարիներն մի քանի անգամ, հնարավորություն ունեցա երկար ժամանակով գյուղում լինել: Այդ ընթացքում, հավանաբար, մոտ տաս տարվա բացակայությանս կարոտն առնելու համար, շաբաթական մեկ-երկու անգամ հաճույքով բարձրանում էի մեր յայլան ու երբեմն նաև հասնում սարերը: Մի քանի համառոտ տվյալներով մեր հայրենակիցներին հիշեցնեմ ու օտար ընթերցողին ծանոթացնեմ մեր յայլայի տեղադրությանը: Գյուղի կենտրոնը ունի ծովի մակերևույթից 1285 մետր բարձրություն, իսկ յայլան` 1903 մետր: Հեռավորությունը երեք ու կես կիլոմետր է: Այսինքն, մեր յայլան այդ տարածության վրա ունի մոտ 620 մետր ուղաձիգ բարձրացում, որը բավական դժվար է քայլելու համար: Հիշեցի լսածս պատմություններից մեկը, թէ ինչպես գյուղի կենտրոնում ջահելները իրար հետ վիճելիս են եղել յայլա բարձրանալու հնարավոր արագության վերաբերյալ։ Նրանցից մեկը պարծեցել է, որ ինքը կարող է այն կես ժամում հաղթահարել, իսկ մյուսը նրան հակառակվել է, թե "Իշ կու ախմախ-ախմախ զրցիս, թաղ յայլեն էդման չուչուստ Քեշտամենց Մկոն է չի կնա էլլի"։ Ես ՝ լինելով Մկոյի զավակը, ստուգեցի նաև իմ արագությունը: Առանց հանգստանալու, միջին լարվածությամբ ու մեքենաների սովորական ճանապարհով բարձրանում էի մոտ հիսուն րոպեում, իսկ կարճ տեղերով (Թքին կյոքսով, Շաչաղով) ` մոտ 45 րոպեում: Սիրելի ընթերցող, առիթի դեպքում դու նույնպես փորձի... թեկուզ` մեքենայով: Պետք է նաև խոստովանեմ, որ փոքր հասակից, ինչպես իմ հայրն ու պապը, սիրել եմ սարերում ոտքով քայլել և որտեղ ապրել եմ, անխտիր ու բազմաթիվ անգամ, երբեմն նաև երեխաների հետ, բարձրացել եմ այդ բնակավայրերի մոտակա բոլոր սարերը: Այդ բարձունքներում, ինչ-որ չափով, փարատել եմ մեր սարերի իմ կարոտը։ Ինչպես նկատում եք, արծարծվող թեմայի նախաբանը այս պատմության վերնագրի հետ չի համընկնում: Մեծահասակ լինելու թերություններից մեկն էլ դա է, երբ մոռանալով ներկան ու հիմնականը ` խորանում ես քո անցած-գնացած կյանքի մեջ... Այս ճանապարհը բոլորն անցել կամ անցնելու են, ընթերցելիս չարժի խստորեն դատապարտել... Վաղ գարնանայի մի ցուրտ առավոտ նորից բարձրացա յայլա: Անասունները այնտեղ տանելուն դեռ շուտ էր, ծմակ տեղերում դեռևս ձյունը չեր հալվել ու կարծում էի, թէ բնակիչների չեմ հանդիպելու: Զարմանքս մեծ եղավ, երբ մի տան առջևում, ցանկապատի մեջ նկատեցի մեծ թվով այծեր: Մոտեցա, ներս մտա տուն ու այնտեղ տեսա մեծ վառարանի կողքին նստած միջահասակ, անծանոթ մի մարդու ու բազմաթիվ փոքրիկ, սիրունիկ ուլիկների: Ծանոթացանք ու սկսեցինք զրուցել: Մինչ այդ գիտեի, որ մեր հեռավոր ազգականներից մեկը Ճառալում սկսել է այծ պահել ու մի անգամ էլ առիթ էի ունեցել այնտեղ լինելու, սակայն չէի կարծում, թե նման ցրտերին նրանց կտեսնեմ այստեղ: Զրուցակիցս ծնունդով Ախալքալաքից էր, ապրում էր Վալեում և վարձվել էր որպես այծերի հովիվ: Պարզվեց, որ հոտը ընդամենը մի երկու օր առաջ են տեղփոխել Ճառալից ու չնայած սկսված վատ եղանակին, նորից հետ տանել չեն կարող: Նա ուլիկներին ցրտից պաշտպանելու համար, տեղավորել էր տան մեջ իր կողքին: Նրանցից համեմատաբար փոքրերը խելոք պառկած էին վառվող վառարանի տակ, իսկ մնացածները շատ աշխույժ վազվզում, խաղում ու ճարպկորեն բարձրանում էին թախտի, դարակների ու այնտեղից նույնիսկ տան պատերի վրա: Որոշ ժամանակ իրար հարցուփորձ անելուց հետո, նոր ծանոթիս իմ ունեցած խնձորներով հյուրասիրեցի ու պատրաստվեցի դուրս գալու: Ինքն էլ քաղաքավարությամբ ինձ այծի կաթ խմելու առաջարկություն արեց, սակայն ես համեստորեն հրաժարվեցի և մենք բաժանվեցինք: Մտքերի ու հիշողությունների մեջ վերադառնում էի գյուղ: Մտորումներիս մեջ նորից մանկությանս տարիներն էին Ճառալում ու յայլայում: Ժամանակի խորքից անջնջելի ու հարազատ պատկերները նորից ու նորից դեմս էին գալիս, նույն հուզմունքն ու կարոտը վերականգնում հին, անցած օրերի հանդեպ: Երջանիկ մանկությանս ընդհանուր ֆոնի վրա ` միայն հիմա եմ նկատում այն դժվարություններն ու տառապանքները, որ կրում էին մեր ծնողները այն տարիներին: Այն ժամանակներում կոլտնտեսությունն (գյուղում ընդունված էր "կոլխոզ" коллективное хозяйство բառը ու մենք էլ այն անփոփոխ օգտագործենք մեր պատմությունների մեջ) ուներ ոչխարների 2-3 ու այծերի մի առանձին հոտ, որոնք ձմռանը պահում էին Ճառալում, իսկ ամռանը տեղափոխում յայլա: Ծնողներիս հետ միասին մենք էլ, մինչև դպրոց գնալը, մեծամասամբ ապրում էինք նշված տեղերում ու նրանց հետ կիսում քոչվոր կյանքի բոլոր դառնություններն ու ուրախությունները: Մի քանի տարի կոլխոզի այծերի հոտի հովիվը հայրս էր: Չնայած ոչխարների հետ ունեցած որոշ նմանություններին, այդ երկու տեսակ ընտանի կեդանիներն ունեն նաև զգալի տարբերություններ: Այծերը ոչխարների նման խելոք չեն ու բավական դժվար է նրանց կառավարելը, բայց ունեն նաև առավելություններ: Բացի այն, որ նրանց կաթը շատ հայտնի է իր բուժիչ հատկություններով, այծերը առավել ցրտադիմացկուն են ու ավելի քիչ հոգս են պատճառում տիրոջը սննդի տեսակետից: Նրանք նույնիսկ ձմռան ամիսներին սնվում են դրսի խոտով, ծառերի և թփերի տերևներով ու կեղևներով, ուստի կարիք չի լինում նրանց համար խոտ պաշարել: Ձմռանը նրանք մեծ մասամբ արածում են լեռների հարավային արևկող լանջերին, կամ ՝ անտառների լայնատերև ծառերի ու թփերի մեջ: Լեռների նշվաց մասերում սովորաբար ձյունը երկար չի մնում ու համարյա միշտ բաց է լինում, իսկ անտառների մեջ հովիվը ոտքերով ձյունը նստեցնում ու այծերի համար ճանապարհ է բացում դեպի նրանց սիրած ծառերն ու թփերը: Այս նպատակով մայրս այծի մազից հատուկ, շատ երկար գուլպաներ էր գործում հորս համար, որոնք հասնում էին ծնկներից վեր ու պաշտպանում ձյունից: Քանի որ այծի մազը ավելի կոպիտ է, այդ գուլպաների տակից հայրս հագնում էր ոչխարի բրդից պատրաստված իսկական գուլպաներ, իսկ դրսից հատուկ, ավելի մեծ չափսի, խոտով լցված տրեխներ: Ոտքերն այդպես "զինելով" նա ձմռանը ամեն օր տանում էր այծերին արածելու: Միաժամանակ պետք է շատ զգույշ լիներ գայլերից: Ձմռանը նրանք ավելի սոված ու ագրեսիվ են լինում, իսկ այծերը դա "չեն հասկանում" և իրենց սովորության համաձայն ցրվում են տարբեր տեղեր: Երեկոյան նա հոգնած վերադառնում էր, ձյունից թրջված ու արդեն սառած գուլպաները չորացնում կրակի մոտ, պատրաստում հաջորդ առավոտի համար։ Փոքրերիս համար մեր ծնողների հոգսերը անհասկանալի էին ու զբաղվում էինք մեր խաղերով: Մեզ համար այծերի հետաքրքրությունը նրանց նոր ծնված ուլնիկներն էին, որոնց մենք սիրում էինք ու առիթը բաց չեինք թողնում հետները խաղալու: Նրանք շատ ժիր ու ճարպիկ էին, որոշները ծնոտի ներքևից կախված ունեին երկու գնդիկանման "օղ": Երեխաներիս համար շատ զվարճալի էր նրանց մկկոցը: Երբեմն քիչ հիվանդոտ կամ տկար ուլիկներին հայրս տուն էր բերում ու մինչև կազդուրվելը խնամում էինք: Մենք խղճում էինք փոքրիկներին, ուշադիր հետևում ու շատ ուրախանում, երբ արդեն աշխուժանում էին: Երբ արդեն մի քիչ մեծանում էին, ուլների համար իրանց վանդակամասում մայրս պարանի վրա փոքրիկ խոտի խրձեր էր կապում ու այն ամրացնում իրենց գլխի մակարդակին: Նրանք արդեն սկսում էին սովորել խոտ ուտել: Գարունը բացվելուց հետո, մայրիկիս հետ նրաց տանում էինք նոր դուրս եկող կանաչների մեջ արածելու: Ծավալուն նախաբանից հետո անցնենք այծի մասին մեր փոքրիկ պատմությանը: Մի անգամ հոտի այծերից մեկը բավական երկար ժամանակ հիվանդանում է ու դժվար է հասնում մյուսների հետևից: Վիճակն այնքան վատ չի լինում, որ հայրս նրան թողնի փարախում, սակայն ձգձգվում է նաև լրիվ լավացումը ու բավական հոգս պատճառում: Այն մի օր անտառում կորչում է ու երկար որոնումները արդյունքի չեն տալիս: Անցնում է մեկ ամսից ավել ժամանակ ու մի օր այդ այծը անտառում պատահականորեն նորից հայտնվում է հոտի մեջ: Հայրս շատ զարմանում է նրա տեսքից, աչքերին չի հավատում. նախկին հիվադ ու նիհար այծը լցվել, կազդուրվել ու ավելի լավ տեսք ունի քան իր կողքինները: Հայրս ուրախանում է կորած այծին առողջ վիճակում գտնելու համար, բայց այն երկար չի տևում: Մի քանի օր հետո ազատության "համն առած" այծը նորից անհետանում է ու …այլևս չի վերադառնում։ Հավանաբար այս անգամ խեղճ այծի բախտը չի բերել ու գայլն ավելի հաջողակ է եղել: Այս փոքրիկ պատմությունից նույն չափի փոքրիկ հեևություն. ամեն ազատություն չէ, որ օգտակար է և հատկապես, եթե այն "գայլերով լի անտառի մեջ է",... խեղճ Հայաստան...: