Մինչ գյուղում պատահած այս փոքր դեպքի ներկայացնելը, նրա հետ կապված որոշ տեղեկություններ հաղորդեմ անցյալից: 1944 թվականին, խիստ գաղտնիության պայմաններում նախապատրաստվել և ուշ աշնանը Ախալցիխեի, Ադիգենի, Ասպինձայի, Ախալքալաքի շուրջ 95000 (այլ տվյալներով 125000) թուրք բնակչթյուն ("Մեսխեթի թուրքեր") տեղահանվել ու աքսորվել են միջինասիական հանրապետություններ: Նրանց թվում են եղել նաև մեր գյուղում ապրող մի քանի թուրք ընտանիք և հարևան` Ճառալ ու Ճաղիսման անվանումով թուրքական գյուղերի բնակիչները: Աքսորյալներին գյուղերից հավաքել ու մինչև Ախալցիխեի նոր կառուցված երկաթգիծ են տեղափոխել զինվորականները իրենց բեռնատար մեքենաներով, իսկ այնուհետև նրանց վերջնական տեղը հասցրել են գնացքներով (կարծիք կա, որ երկաթգծի շտապ կառուցումը կապված է եղել այդ պլանավորած աքսորի հետ): Ականատեսների վկայությամբ, Ադիգենի ու մեր մոտակա գյուղերի բնաչությանը տեղահանել են մի գիշերվա ընթացքում և այդ գիշեր մեր գյուղի ու դիմացի Ադիգենի շրջանի ճանապարհները ամբողջովին մեքենաների լույսեր են եղել, լսվել է նրանց աղմուկը ու նաև` հատուկենտ կրակոցներ: Ճաղիսմանից երկու ընտանիք տեղափոխող մի մեքենան, Կարախտինի մոտ գտնվող Օչխարասու կոչվող ժայռից գլորվել է Փոցխով գետը։ Մեկ զինվոր ու ընտանիքներից երկու հոգի տեղում մահացել են, իսկ տուժածներից մի քանիսին էլ, մեր գյուղի հիվանդանոցում մեկ-երկու օր պահելուց հետո՝ նորից տարել են: Նրանցից մեկը` ողնաշարի վնասվածքով մի մանկահասակ աղջիկ, ավելի երկար է մնացել հիվանդանոցում և պապիս խնդրանքով մայրս նրան խնամել է (այս մասին քիչ ավելի մանրամասը` հաջորդ նյութում): Աքսորին հաջորդող օրերին, պետական ցուցումով, մեր գյուղի կոլտնտեսականներին տարել են ամայի դարձած թուրքական այդ երկու գյուղերը և կոլխոզի համար հավաքել նրանց տներում մնացած իրերն ու ունեցվածքը: Չնայած այն ժամանակների ստալինյան խստություններին, որոշ մեր հայրենակիցներ կարողացել են ինչ-որ բան պահել նաև անձական նպատակներով ու տուն տանել (փոխառության պարտատոմսեր (заем), կենցաղային զանազան մանր իրեր և այլն): Շատ տարիներ անց, մեր գյուղի մեծահասակներից մեկը, իրեն տեսակցության եկած քրոջ տղային պատմում է վերը նշվաց դեպքերի մասին ու նաև հիշում, որ Ճաղիսման գյուղի թուրքերի տներից նրանց ունեցվածքը հավաքելու ժամանակ, ինքը ծեծել է 16-17 տարեկան նրա հորը, այսինքն` իրենց ապագա փեսային: Երբ քրոջ տղան քեռուն հարցնում է իր հորը ծեծելու պատճառը, նա արդարանում է, որ ինքը թուրքերից մեկի տանը ձայնապնակներ է գտել ու մի տեղ թաքցրել` հետո տուն տանելու համար, իսկ տղայի ապագա հայրը իր պահածը գողացել է և ինքն էլ նրան գողանալիս բռնել է ու ծեծել: Այնուհետև նրանց միջև հետևյալ հարց ու պատասխանն է տեղի ունենում. - Քեռի, էդ պլաստինքեստանն օ պեհել էիր, էտև դուք պատիֆոն ունեիք? - Է չէ, չունեինք: - Է հպա էդիոնք իշ? տի էնեիր: - Մորս տի տայի օ մեր կարըսներուն բեյնին ղապպըղի տեղ բանեսներ: - Գոնե էտև կայնցար տանի? - Հպա ինչ-էրի? Տարա օրնա մերըս-է շատ հավնեցավ: