Կաթի չորացրած սերը հնում մեր գյուղի ամենահարգի ուտեստներից մեկն էր: Այն միշտ անպակաս պետք է լիներ ինչպես հարսանեկան կամ այլ առիթով ուրախությունների ու կրոնական մեծ տոների սեղանների վրա, այնպես էլ բանակ գնացող կամ այլ հեռավոր ուղևորության պատրաստվող մեր համագյուղացու ճամփորդական ուտելիքեղենի ցուցակում: Մեր գյուղական յուրահատուկ գաթայի նման, չորացրած կաթնասերը նույնպես անծանոթ ու անսովոր է օտարի համար: Զատիկի տոներից մեկի ժամանակ, իմ հետ մեր գյուղ եկած արևմտահայ պատմաբան ընկերս, առաջին անգամ համտես անելով կաթի այդ չորացրած սերը, մեզ տեղեկացրեց, որ շատ հնում, հեռավոր արշավանքների ժամանակ, այն պարտադիր եղել է հայկական բանակի բոլոր զինվորների ուսապարկերում որպես շատ սննդարար, դիմացկուն ու քիչ տեղ գրավող ուտելիք: Չոր կաթնասերի պատրաստումը տանտիկնոջից բավական վարպետություն, երկար ժամանակ ու համբերություն է պահանջում: Այդ նպատակով գյուղի համարյա բոլոր ընտանիքները ունեին հատուկ, մոտավորապես թոնրի բերանի մեծությամբ, ծանծաղ, հարթ հատակով ու քիչ թեք եզրերով պղնձյա արծնած տաշտակ: Հարսանիքների համար կամ այլ պատճառներով, երբ միանգամից մեծ քանակով սեր պատրաստելու կարիք էր լինում, հաճախ հարևաններն ու ազգականները միմյանց օգնության էին հասնում և ապահովում անհրաժեշտ քանակը: Շատ դեպքերում, այն նաև որպես լավ նվեր կամ հարգանքի նշան էր համարվում զանազան առիթների կապակցությամբ: Կաթնասեր պատրաստելու համար, սովորական ամանում կաթը տաքացնում են, հասցնում մինչև եռման աստիճան ու այնուհետև լցնում վերևում նկարագրված պղնձյա հատուկ տաշտակի մեջ և տեղակայում թոնիրի կամ օճախի վրա: Մարմանդ կրակով այն շարունակում են տաքացնել և անընդհատ հետևում, որպեսզի եռման չհասնի: Երկարատև տաքացման ընթացքում, աստիճանաբար կաթի երեսին բավական հաստությամբ պինդ սեր է առաջանում, որի տեսքից փորձառու տանտիկինը արդեն կարողանում է որոշել նրա պատրաստ լինելու աստիճանը: Բավարար հաստություն ու պնդություն ստանալուց հետո, սուր դանակի օգնությամբ սերը առանձնացնում են դաշտակի եզրերից, մնացած կաթը դադարկում և տաշտակը սերի հետ միասին, զգուշությամբ շրջում խունչայի վրա: Տաշտակը հեռացնելուց հետո, խունչայի վրա մնացած կլոր սերի շերտը ծալում են, դարձնում կիսալուսնաձև, որոշ ժամանակ թողնում այն բացօդյա չորանալու և արդեն համարում պատրաստ: Սեղաններին դնելուց առաջ, չորացած սերը կտրատում են փոքրիկ շեղանկյուն կտորների(ռոմբիկների) ձևով ու տեղավորում ափսեների մեջ: Մանկության տարիներից հիշողությանս մեջ մնացել է սեր պատրաստելու այդ ամբողջ ընթացքը, երբ յայլայում եղբորս հետ անհամբեր սպասում էինք նրա ավարտին, որպեսզի վերջում խմենք մեզ բաժին հասնող, բաց-դարչնավուն դարձած, յուրահատուկ համ ունեցող կաթն ու քերենք տաշտակի հատակը: Գյուղի ժանանակակից պայմաններում, սերն արդեն պատրաստում են էլեկտրական կամ կերոսինի օճախների վրա: Մանրամասը տեղեկատվությունից հետո, անցնենք կաթի սերի հետ կապված, գյուղում տեղի ունեցած ընտանեկան փոքրիկ միջադեպի նկարագրությանը: Գյուղում միայնակ ապրող մեծահասակ պապիկին ու տատաիկին հյուր է գալիս Ռուսաստանում ապրող իրենց պատանի թոռը և իր արձակուրդն անցկացնում գյուղում: Տատիկը, նրա վերադառնալուց առաջ, մի քանի այլ բաների թվում, հետն ուղարկելու նպատակով, նաև կաթի սեր է պատրաստում: Նա սերը տաշտակից հանելուց հետո, հատակը քերում, հավաքում է փոքր ամանի մեջ և ձեռքին բռնած ուզում է տնից դուրս գալ: Նրանից քիչ հեռու նստած ու այդ ամենին հետևող պապիկը զարմացած հարցնում է. "Աղջի իդա ուրան կու տանիս?": Տատիկը պատասխանում է, որ քերուկը տանում է հավերին տալու: Պապիկը զայրացած նրան հանդիմանում է` ասելով. "Աղջի խելառ խո չես?, իդա տու ինձի ես կուտեմ, հավն ինչ է?": Տատիկը քմծիծաղով պատասխանում է. "Հավը հավկիթ կուտա, դու ինչ? օգուտ կուտաս օ քեզի տամ":