Ներկայումս զարգացած երկրներում շատ ընտանիքներ տան մեջ շուն են պահում ու նրան խնամում ինչպես իրենց երեխային. կերակրում հատուկ նրանց համար նախատեսված խանութներից վերցված սննդով, լողացնում, ամեն օր զբոսանքի հանում, կենդանիների վարսավիրի մոտ մազերն ու եղունգները կտրում, նույնիսկ քոլեջ սովորելու տանում ու նաև ՝ ամուսնացնում: Շանը տան մեջ պահելու հարցում մարդկանց կարծիքները տարբեր են ու այդ կապակցությամբ թոռնիկիս հետ երբեմն թեթև վեճի ենք բռնվում: Ծնողներն այդ թեմայով նրա թախանձանքներին տոն չեն տալիս ու դեռևս շուն չունեն, սակայն նախազգացումս հուշում է, որ ապագայում նրանք ստիպված տեղի են տալու: Գյուղում մենք միշտ շուն ենք ունեցել ու սիրում էինք տիրոջը նվիրված այդ խելացի կենդանիներին: Նրանք դրսում էին լինում ու տան շեմից ներս մտնելու իրավունք չունեին: Այդ իրենք հասկանում ու ենթարկվում էին: Հիշում եմ իմ փոքր ժամանակի մեր շատ խելացի ու լավ շանը, որին երբեք չէինք կապում, բայց մեր դռնից երբևէ չէր բացակայում և անսխալ ճանաչում էր բարեկամին ու չարակամին: Մի անգամ, ազգությամբ հրեա ու մեր գյուղ հաճախակի առևտուր անող չարչի Զաքարը իր ձեռնափայտով մեր դռանը խփել էր նրան: Նա ամբողջ կյանքում դա չէր մոռանում ու "Զաքար քեռուն" այլևս մեր կողմը չէր թողնում: Մերոնք սովորաբար պահում էին նաև երկու-երեք գանփռներ ոչխարներին գայլերից պաշտպանելու համար, որոնք խոշորակազմ ու սարսափազդու, բայց նույնպես շատ խելացի ու բարի էին: Այդ շների պարանոցներին կապում էին սուր ատամներով երկաթյա վզնոց, որը պաշտպանում էր նրանց կոկորդը գայլերի հետ պայքարի դեպքերում։ Փոքր ժամանակ նաև ականջներն էին կտրում, որպեսզի գայլերը այդտեղից բռնելու հնարավորություն չունենային։ Սովորաբար ոչխարի հոտի շները հովիվների հպարտությունն էին հանդիսանում և հաճախակի լսում էինք նրանց հետ պատահած զանազան դեպքերը գայլերի հետ անվախորեն գզվելու, անտառում ծնված գառներին ու կորած ոչխարներին պաշտպանելու կամ այլ նման խելացի արարքների մասին: Հորեղբայրներս պատմում են, թե ինչպես մի անգամ Վերի Պատյոնում ոչխարը արածացնելիս, մեր շները սկսել են հետապնդել գայլին: Դեպի վերև երկար վազելուց հոգնած գայլն ու շները հասել են այնտեղ իր ոչխարներն արածացնող, խոշոր մահակը ձեռքին, այդ իրադարձություններին հետևող, ազգությամբ թուրք ծանոթ հովիվի մոտ: Մերոնք ներքևից տեսնելով, որ հոգնածությունից լեզուն հանած գայլը կանգնած է նրա կողքին ` անունը տալիս ու գոռում են, որ մահակով խփի գլխին: Թուրքը տեղից չի շարժվում, իսկ գայլը կարճ դադար առնելուց հետո, նորից փախչում է ու փրկվում: Մերոնց այն հարցին, թե ինչու չխփեց, նա հանգիստ պատասխանում է, թե հետո պետք է լուր տարածվեր, որ ձեր շները գայլ են խեղդել: Հայրս նույնպես հպարտությամբ պատմում էր, թե ինչպես մի անգամ երեկոյան, մեր երկու շները յայլաի տան կտուրի իրենց պառկած տեղից միանգամից խիզախորեն թռան ոչխարի մեջ ընկած գայլի վրա, որը հազիվ ազատվեց նրաց ատամներից ու փախավ։ Տխրությամբ եմ հիշում մեր շների հետ կապված այն դեպքը, երբ Փոշտեր կոչվող սահմանային ուղեկալի զինվորական սպաներից մեկը իր շան հետ, անտառում որսորդության ժամանակ հադիպել էր մեր ոչխարի հոտի պահապան, գյուղում շատ հայտնի շներին ու կրակել նրաց վրա։ Նրանցից մեկը տեղում զոհվել էր, իսկ վիրավորված երկրորդին հայրս արյունաթաթախ, շալակած ու այնուհետև ճանապարհին պատահած ձիով բերեց Ջառալ, սակայն այն նույնպես չփրկվեց։ Մենք՝ երեխաներս այն ժամանակ շատ ազդվել էնք այդ դեպքից, լաց էնք լինում ու ատելությամբ քննարկում զինվորականի անմարդկային արարմունքը։ Վերջին տխուր դեպքի տպավորությունը փարատենք մի այլ ՝ ավելի զվարճալի պատմությամբ։ Ախացխայից մեր գյուղի անտառներ հաճախակի որսի գալուց է լինում որսորդության մեջ առանձնապես հաջողություն չունեցած, բայց որսորդներին բնորոշ մեծախոսությամբ օժտված, կոշկակարությամբ զբաղվող, Արտո անունով մի մարդ։ Մի անգամ նա տեղեկանալով, որ մեր շները գայլ են խեղդել, գալիս է մեր տուն ու խնդրում է նրա կաշին տան իրեն, այն Ախլցխայում ծանոթներին որպես իր խփած որս ներկայացնելու համար։ Մերոնք ծանոթ լինելով նրան ՝ խնդիրքը հարգում ու «պատվով» ճանապարհում են։