Մայիսի 28-ը հայերիս համար շատ նշանակալից տոն է` Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը: Դպրոցում մենք Հայաստանի պատմություն չէինք անցնում ու այդ մասին տեղեկություն չունեինք: Բայց այդ օրը մեր գյուղի դպրոցականների համար շատ հիշարժան էր. նշվում էր նախկին Սովետական միության սահմանապահի տոնը: Կարծում եմ հիմա էլ այն դեռ Ռուսաստանում մնում է: Այն ժամանակ մեզ համար այդ օրը շատ հետաքրքիր էր անցնում: Դպրոցականներս կազմակերպված գնում էինք սահմանապահ ուղեկալ, հանդիպումներ ունենում սահմանապահների հետ, դպրոցի ուժերով համերգներ տալիս և այլ միջոցառումներ անցկացնում: Ընդհանրապես երեխաներս սիրում էինք սահմանապահներին, ունեինք մեծ ակնածանք նրանց հանդեպ: Մեզ թվում էր, թե հայրենիքի իսկական պաշտպանները միայն նրանք էին և առիթ բաց չէինք թողնում նրանց հետ շփվելու: Մեր կոլտնտեսությնն էլ կոչվում էր "Կարմիր սահմանապահ" ու դա մեզ բավական հպարտություն էր ներշնչում: Երբեմն մեզ հաջողվում էր ներկա գտնվելու նրանց զորավարժություններին, առիթի դեպքում օգտվում էինք նրանց ուտելիքներից կամ փոխանակում մեր ունեցածի հետ ու դա մեզ համար մեծ իրադարձություն էր: Ժամանակ առ ժամանակ, բնակչության զգոնությունը ստուգելու նպատակով, սահմանապահները անծանոթ մարդիկ էին ուղարկում գյուղ կամ գյուղի շրջակայք, որոնք հանդիպելով գյուղացիներին զանազան կասկածելի հարցեր էին տալիս: Այդպիսի մի ստուգման զոհ էր դարձել նաև մեր մոտիկ ազգականը Մեծ գետի մոտ գտնվող ջրաղացում աշխատելու ժամանակ, որի պատճառով 1951 թ. նրանց ընտանիքը մյուսների հետ աքսորվեց Միջին Ասիա: Ես դպրոցական էի, Մայիսմեկյան տոնի օրը հայրիկիս հետ, տուն կառուցելու համար Վերի Պատյոն քար էինք կոտրում :Գործից հետո ընտրեցինք կարճ ճանապարհը ու Վերի ՈՒսկու մեծ Դուզով, անտառի արահետով վերադառնում էինք տուն: Արևը նոր մայր էր մտել: Դեռ չհասած Սահարին քաղածը, անտառի միջից տեսանք Սրթի Յաթաղի կողմից նույն ճանապարհով դեպի մեզ եկող երկու հոգի: Տարածությունը հեռու էր, մենք չէինք կարող ճանաչել, իսկ իրենք մեզ անտառի մեջ չէին կարող տեսնել: Սահարին քաղածի բացատ մեր դուրս գալուց հետո, նրանք արդեն հասել էին այդ ձորի հակառակ կողմը, երբ մեզ նկատեցին ու հանկարծակի եկած փախան դեպի ներքևի դժվարանցանելի ձորը: Մենք արագորեն հասանք նրանց փախած տեղն ու դեպի ներքև սկսեցինք բարձր ձայնով կանչել, որ եթե մեր գյուղացի են ձայն հանեն, հակառակ դեպքում պետք է հայտնենք սահմանապահներին: Մեր բազմաթիվ կոչերին արձագանք չեղավ: Մտազբաղ վիճակում ճանապարհներս շեղեցինք ու իջանք Ճոճերը: Ճանապարհին հանդիպեցինք տուն վերադարձող մեր գյուղացիներից ու նրանց հայտնեցինք մեր մտահոգությունը: Նրանք նույնպես խորհուրդ տվեցին հայտնել ուղեկալ: Այն ժամանակ ուղեկալը գյուղի վերջում էր, մոտեցանք ու հայտնեցինք հերթապահ զինվորին: Շատ արագորեն մեզ ուղեկցեցին ուղեկալի պետի մոտ, լսեցին ու խնդրեցին օգնել դեպքի վայրը զննելու գործում: Հայրս գնաց տուն, իսկ մենք ՝ երկու զինվորի ու հետախույզ շան հետ մեքենայով ուղևորվեցինք այդ վայրի մոտակայքը: ՈՒղեկցող ավագը մեզ պատվիրեց վերջացնելուց կամ որևէ անակնկալի դեպքում լույսաին հրթիռ արձակել: Ես զինվորներին ուղեկցեցի այդ վայրը, ցույց տվեցի պարզ երևացող ոտքի կրունկների տեղերը, սակայն շունը մինչև գետը գնալուց հետո հետքը կորցրեց: Որոշ ժամանակ այս ու այն կողմ պտտվելուց հետո, արձակեցին պայմանավորված հրթիռն ու վերադարձանք: Մինչև ուղեկալ հասնելը Ճոճերի ճանապարհների վրա նկատեցինք դեպի սահման գնացող բազմաթիվ մեքենաներ լցված զինվորներով: ՈՒղեկալում մեզ սպասում էին մի քանի բարձրաստճան զինվորականներ, շրջանի ազգությանբ հայ անվտանգության կոմիտեի պետը, ինչպես նաև տնից արդեն ուղեկալ բերված հայրս ու ճանապարհին մեզ հանդիպած գյուղացիները: Ընթացքում մեզ պարզ դարձավ, որ տոն օրերը առավել վտանգավոր են համարվում լրտեսության առումով և դրանով էր պայմանավորված նրանց անհանգստությունն ու սահմանի պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով կենտրոնից մեծ թվով զինվորներ բերելը: Ամբողջ գիշեր ու հաջորդ օրը մինչև երեկո ես ու հայրս այդ գնդապետների հետ զբաղվեցինք փախչողների շրջանը ուսումանսիրելով, մի քանի անգամ տարբեր ժամերի անցանք նույն ճանապարհը` զինվորականներին ցույց տալով, թե որտեղ և ինչպես տեսանք: Ինձ ու հորս թվում էր, թե մեր պատմածը կասկածանքով են ընդունում: Վերջապես երկոյան կողմ հոգնած վերադարձանք ուղեկալ: Այնտեղ էին նաև սահմանից վերադարձած բազմաթիվ զինվորները, որոնց մեծ շարքերի առջև ինձ ու հայրիկիս բանավոր շնորհակալություն հայտնեցին ու ազատ արձակեցին: Անցել է մոտ 50 տարի ու այս անգամ իմ գյուղում եղած ժամանակ հայրս հայտնեց, թե վերջերս մեր գյուղացիներից մեկն իրեն մոտեցել ու խոստովանել է, որ այդ ինքն ու իր ընկերն են եղել, գնալուց են եղել Ճառալ կոլտնտեսության փեթակներից գողանալու, սակայն անհաջողության են մատնվել: