Пятница, 22.11.2024, 00:05Главная | Регистрация | Вход

Меню сайта

Форма входа

Привет:Гость

Погода в селе

Поиск на сайте

Статистика


» Зарег. на сайте
Всего: 330186
Новых за месяц: 1
Новых за неделю: 0
Новых вчера: 0
Новых сегодня: 0
» Из них
Админы сайта: 1
Модераторов: 1
Проверенных: 5
Обычных юзеров: 330179
» По полу
Парней: 330096
Девушек: 90

» Кто онлайн:
Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Истории и рассказы
Главная » Статьи » Рассказы

Ճանապարհորդություն դեպի Պոսոֆ
Խորհրդային կարգերի փլուզումից հետո, Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունները գնալով լավացան, բացվեց մաքսային անցակետ նաև մեր գյուղի մոտակայքում ու հնարավոր դարձավ հեշտությամբ սահմանն անցնել, գնալ-գալ: Երկար ժամանակ գյուղում չգտնվելով, հեռվից-հեռու լսում էի, որ մեր համագյուղացիներից շատերը արդեն Թուրքիայով են գնում-գալիս Ռուսաստան, Եվրոպա, կամ խմբերով այցելում են մեր նախապապերի երկիր Էրզրումը: Իմ մեջ միշտ մեծ ցանկություն է եղել շրջել ու տեսնել Էրզրումի մեր գյուղը և արևմտյան Հայաստանի մյուս վայրերը:
Վերջապես, երբ տևական բացակայությունից հետո հնարավորություն ունեցա նորից գյուղ գնալ ու անկողնային հիվանդ մորս խնամելու կապակցությամբ այնտեղ երկար մնալ, սպասում էի մեր պատմական հայրենիք գնալ ցանկացողների հերթական խումբ հավաքվելուն, որպեսզի միանամ իրենց: Այդ անգամ սպասումներս չարդարացան ու Էրզրում գնալ չստացվեց, սակայն դեռ հույս ունեմ այն իրականացնել հետագայում: Նույնիսկ մտքովս անցնում է մեր նախապապերի գաղթի ճանապարհը ոտքով անցնելու, բայց այն ավելի դժվար իրականանալի խնդիր է, կապրենք-կտեսնենք...
Մանկական հասակից իմ մեջ նաև մեծ հետաքրքրություն կար Թուրքիայի կողմից դիտելու մեր գյուղը, նրա շրջապատը, սարերն ու անտառները և մտքումս որոշել էի, հնարավորության դեպքում, ոտքով գնալ թուրքական Տուղուր (ներկայումս` Posof) փոքրիկ քաղաք ու վերադառնալ: Գյուղում գտնվելուս առաջին ամիսը շրջեցի համրյա մեր բոլոր սարերն ու անտառները և մի օր որոշեցի նաև իրագործել ոտքով Պոսոֆ հասնելու իմ մտադրությունը: Ծնողներս ու հորեղբայրներս այդ մասին լսելով, շատ անհանգստացան ու սկսեցի ինձ համոզել հետ կանգնելու նման արկածախնդրությունից: Նրանց մեջ դեռ մնում էր Թուրքիայի ու թուրքերի հանդեպ նախկինում ունեցած վախի զգացումը և հատկապես դեմ էին իմ մենակ գնալուն: Ես նրանց հանգստացրի, որ հանդիպել ու զրուցել եմ Թուրքիա շրջած շատ մարդկանց հետ ու համոզվել այնտեղի այցելության անվտանգ լինելու մեջ: Պարզ է, չհամոզվեցին, բայց տեսան որոշումս հաստատ է, ստիպված համակերպվեցին:
Սեպտեմբերյան մի առավոտ, մորս անհրաժեստ խնամքն անելուց հետո, նրան հանձնեցի հորս ու ես ճանապարհ ընկա: Օրն արևոտ էր, բայց շոգ չէր ու քայլելու համար` շատ հարմար: Հագնված էի շատ թեթև. բոթասներ, ջինս, կիսաթև մի վերնաշապիկ և գլխարկ` սպիտակամաշկ ճաղատս արևհարումից պաշտպանելու համար: Հետս որևէ ուտելիք կամ իր վերցրած չունեի: Ցանկություն ունեի ֆոտոխցիկ վերցնելու, բայց զգուշացա նրանով սահմանամերձ շրջաններում միայնակ շրջելով կասկած առաջացնել և դուրս գալուց առաջ հրաժարվեցի այդ մտքից: Գյուղի մեջ, իրենց տների մոտ հանդիպեց ողորմածիկ Կիրովը և ինձ հավասարվելու համար նա իր քայլերն արագացրեց ու հարցրեց, թե ուր? եմ այսպես շտապում: Չուզենալով դեռ չգնացած գյուղում արդեն իմանան, որ "մի անխելք" ոտքով Տուղուր է գնում, պատասխանեցի, որ գնում եմ Մեծ գետը լողանալու: Նա շատ կարճ տարածություն կողքիցս քայլելուց հետո` հետ մնաց ասելով. "Ես քեզի պես չեմկնա վազզի":
Մանկությանս տարիների սովոր տեղերով` Խաչկարով, Վանոյի բաղչի մոտով հասա Մեծ գետը ու Ախալցիխե-Արդահան նոր ճանապարհով բարձրացա Օճոշանի մաքսակետը: Իմ հաշվումներով տարածությունը մինչև այնտեղ մոտ 6 կմ էր ու հասա մեկ ժամից քիչ շուտ: Մոտեցա փոքրիկ փայտյա տնակի մոտ կանգնած քաղաքացիական շորերով մարդկանց, փաստաթուղթ ցույց տալուց հետո` անարգելք անցա առաջ: Նախորդ օրը հորս խնդրել էի, որ թուրքերեն լեզվով թելադրի մաքսակետում ինձ սպասվող հնարավոր հարցերի պատասխանները ու գրել էի թղթի վրա: Առաջին արգելքն անցնելուց հետո, ինձ թվաց, որ հաջորդը արդեն թուրքերինն է ու երբ մոտեցա արգելափակոցի մոտ կանգնած մարդուն, պատրաստած հուշութուղթս գրպանից հանեցի ու սկսեցի կարդալ: Նա անձնագիրս ստուգեց, զարմացած ինձ նայեց և ռուսերեն լեզվով հարցրեց, թե "ռուսերեն չգիտես?": Ես անհարմար զգալով, արդեն ռուսերեն լեզվով պարզաբանեցի իմ սխալմունքը: Պարզվեց, որ առաջինը մաքսային ստուգման կետն էր, իսկ այս մեկը` սահմանապահներինը: Նա անձնագիրս ձեռքերի մեջ շուռումուռ տալով սկսեց հետաքրքրվել, թե առանց իրերի ես այսպես ոտքով ուր? եմ գնում: Ես սկսեցի բացատրել, որ ապրում եմ Ծղալթբիլայում, մանկությունս անցել է այնտեղ ու միշտ մեր գյուղից եմ տեսել Թուրքիան, իսկ հիմա ցանկանում եմ շրջել մոտակայքում և այնտեղից նայել դեպի մեր գյուղի կողմը: Նա գլուխը թափահարելով, ինքն իրեն մտմտաց, թե շատ կասկածելի է: Ես հանգիստ ասեցի, որ եթե կասկածում եք` կարող եք թույլ չտալ ու ես հիմա կվերադառնամ մեր գյուղ: Կարճ դադարից ու մտածելուց հետո, նա այլևս արգելք չեղավ ու թույլ տվեց ինձ անցնելու:
Հաջորդն արդեն իսկապես թուրքերի անցակետն էր ու ոչ մի հարց չտալով, անձնագիրս ստուգելուց հետո, ուղարկեցին մի տնակ, որտեղ համապատասխան տուրք մուծելուց ու գրանցվելուց հետո, նրանք ձեռքով ցույց տվեցին, թե որ կողմով անցնեմ ու այլևս ինձանով հետաքրքրվող չեղավ:
Դիմացս արդեն ազատ ճանապարհն էր, իսկ քիչ հեռվում` Պատելա գյուղը (ներկայումս` Turkgozu): Մի կարճ ժամանակ ես մոլորված տեղումս կանգնած մնացի: Սահմաններ ու մաքսատներ շատ եմ անցել, բայց նման զգացողություն երբեք չէի ունեցել: Ինձ անիրական էր թվում, որ ես արդեն օրինական կարգով գտնվում եմ տարիներ շարունակ հեռվից տեսած ու անանցանելի թվացող սահմանի մյուս կողմում գտնվող Պատելա գյուղի մոտը: Անվստահ քայլերով առաջ գնացի ու համոզվելով, որ ինձ հետևող չկա` արագացա: Մաքսատան կետի իմ անցումն ընդհանուրը մոտ կես ժամ տևեց և այնտեղից դուրս եկող ճանապարհի կողքին տեսա ցուցանակ` մինչև Պոսոֆ քաղաքը 14 կմ է:
Ճանապարհի սկիզբն անցնում էր Պատելա գյուղի վերևի եզրով, գյուղը մնում էր քիչ ներքևում և այդտեղ միայն հյուրանոցի մի փոքր շենք կար: Արդեն գյուղի սահմանից դուրս էի եկել, երբ հետևից երկանիվանի քարշակ ունեցող մի անվավոր տրակատոր եկավ, որի թափքում երկու տղամարդ էին նստած իրենց գերանդիներով ու գերանդին ծեծելու փոքրիկ նստարանով: Նրանք իմ ուղղությամբ էին գնում և երբ ինձ հասան, կանգնեցին և առաջարկեցին տանել, սակայն ես ձեռքով հրաժարվեցի ու շնորհակալություն հայտնեցի: Որոշ ճանապարհ գնալուց հետ, հետևից եկող մի միկրոավտոբուս մոտովս անցնելիս նույնպես կանգնեց ու առաջարկեցին նստել` նորից հրաժարվեցի: Ես նպատակադրվել էի և իմ համար ավելի հարմար էր քայլելով գնալը, երբ կարողանում էի շրջապատս ավելի մանրամասը ուսումնասիրել, տեսնել ամեն ինչ:
Սահմանաի մեր կողմում ճանապարհը խճածածկ էր, հողոտ ու փոշիոտ, իսկ թուրքերի կողմը ասֆալտապատ ու ամեն ինչը շատ կանոնավոր էր: Ճանապարհին մի քանի տեղ հանդիպեցին արագ շարժվող անվավոր տրակտորներ, կցասայլերը պարկերով ու այլ գյուղատնտեսական ապրանքներով բեռնած: Նրանց վրա մի քանի տղամարդիկ և գլուխներն ու դեմքի մի մասը ծածկած կանայք էին նստած: Իմ կողքով անցնելու ժամանակ տղամարդիկ ձեռքերը բարձրացնում, բարևում էին և ես նույնպես ձեռքս բարձրացնելով` նրանց պատասխանում էի: Ճանապարհը ոլորաններով աստիճանաբար բարձրանում էր դեպի վերև, այնուհետև ուղղվեց ու կողքից ուղեկցում էր Բաքու-Ջեհան գազատարի խողովակների հողածածկույթը: Մի քանի տեղ հանդիպեցին կովերի նախիրներ ու մի տեղ, ճանապարհից քիչ հեռու` մեղուների փեթակներ ու կողքին փայտյա տնակ: Ճանապարհի երկու կողմերում, հեռվում երևում էին գյուղեր:
Բարձրությունից շատ լավ երևում էին մեր միախառնված գյուղերը, ծանոթ ու հարազատ ճանապարհները, սարերը, ձորերը, անտառները: Ինձ միշտ հետաքրքրել էր, թե ինչպես են նրանք երևում թուրքերի աչքերով ու վերջապես ինձ բախտ վիճակվեց սեփական աչքերով այն տեսնել: Մեր սարերը թուրքերի կողմից ինձ անսովոր բարձր էին թվում և ահարկու: Այն չի զգացվում, երբ ինքդ այնտեղ ես լինում, իսկ դիմացից տպավորությունը բոլորովին այլ է: Այնտեղից աչքի էր զարնում նաև մեր Վերի Պատյոնի բարձունքի դուրս ցցվածությունը, լավ երևում էին Ճառալի Ղալեն ու շրջապատը, Չարխախները, Ճաղիսմանը:
Ճանապարհը մի տեղ անցնում էր գյուղերից մեկի մեջտեղով: Այն որոշ չափով նմանություն ուներ մեր հին թաղամասերին իր նույն ձևով շարված քարե պատերով ու հողածածկ տանիք ունեցող հատուկենտ տներով: Գյուղի մեջ մի տեղ տեսա նաև մեր հին ամբարների նմանակի: Մի քանի հոգի գյուղի կենտրոն խանութի մոակայքում նստած ուշադիր ինձ էին հետևում ու երբ ես բարձրաձայն բարևեցի. "Սալամ ալեյքում", նրանք պատսխանեցին, էլի ինչ-որ բան հարցրին, բայց ես ոչինչ չհասկացա, ժպտալով արագ շարունակեցի իմ ճանապարհը: Այդ գյուղից մի քանի կիլոմետր այն կողմ, ճանապարհի վերևի մասում տեսա մի մեծ ցուցատախտակ, որը հայտարարում էր, թե այստեղ հիմնվում է թուրք-վրացական բարեկամության այգի:
Փորձից արդեն գիտեի, որ ասֆալտով քայլելը մարդու ոտքերը ավելի շուտ են հոգնեցնում, քանի որ ոտնաթաթը միշտ նույն հարթ ասֆալտին է հպվում, իսկ հողածածկ ճանապարհներով կամ սարերով ու անտառով գնալը ավելի հեշտ է: Ճանապարհը ազատ էր ու մեքենաներ շատ քիչ հանդիպեցին. մի քանի փոքր մարդատար մեքենա, ավտոբուս և երկու-երեք, հեռուներից եկող ու զանազան գրություններով նախշաազարդած մեծ թռայլերներ: Սահմանի անցման կետից երկու ժամ հինգ րոպե քայլելուց հետո, հասա Պոսոֆ քաղաքի սկզբնամասին, որտեղ և գտնվում էր 14-երորդ կիլոմետրը ցույց տվող ճանապարհային ցուցանակը: ՈՒրեմն, բավական արագ էի քայլել ու պետք է խոստովանեմ, որ ոտքերս արդեն հոգնել էին:
Պոսոֆը փոքր քաղաք էր, գտնվում էր թեքության վրա ու այդտեղից այն լավ երևում էր: Այլևս ցանկություն չունեցա քաղաք մտնել, ճանապարհից քիչ հեռացա դեպի վերև, ծառերի ստվերում նստեցի ու ոտքերս ազատեցի բոթասներից: Մոտ 10-15 րոպե հանգստացա, հետևեցի քաղաքին ու մոտակայքում երևացող մարդկանց: Իմ կողքով բարևեցին և անցան մոտորով սղոց ("Դրուժբա"-ի նման) շալակած մի մարդ ու պատանի առանց իմ վրա առանձնապես ուշադրություն դարձնելու: Մի ուրիշ մարդ, հեռվում գտնվող բենզալցակայանից բալոնը լցրեց վառելանյութով ու բերեց ճանապարհի կողքի ծառի ստվերի տակ ու սկսեց սպասել մեքենայի: Ես հետևում էի նրանց ու մտածում, որ մարդիկ ամեն տեղ նույնն են ու նույն հոգսերն ունեն:
Քիչ հանգստանալուց հետո, ես բոթասներս հագա ու բռնեցի վերադարձի ճանապարհը: Գալու ընթացքում արդեն մի քանի տեղ աղբյուրներից ջուր էի խմել, ճանապարհի կողքերին աճած սալորի ծառերի վրայից սալոր կերել: Հետ գնալու ժամանակ արդեն աղբյուրների տեղերը գիտեի ու ավելի հանգիստ էի: Այս անգամ նրանց մոտ ոչ միայն ջուր էի խմում, այլ բոբիկանում ու ոտնաթաթերս լվանում էի ու այն բավական թարմացնում էր: Արդեն ճանապարհի կեսը հետ էի եկել, նստել էի հերթական աղբյուրի մոտ, ոտքերս էի լվանում, երբ ինձ մոտեցավ կովն առաջն արած մի 14-15 տարեկան տղա: Տղան ջուր խմելուց հետո սկսեց իմ հետ թուրքերենով խոսել, հարց տալ: Ես հասկացրի, որ լեզուն չգիտեմ ու նա ժպտալով շարունակեց ինչ-որ բան ասել և վազեց իր կովի հետևից:
Արդեն մոտենում էի Պատելա գյուղին ու սահմանին, բայց ոտներիս հոգնածություն սաստկացել էր ու արագ քայլել արդեն չէի կարողանում: Պատելա գյուղի կողքով մի բավական ջրառատ գետ էր հոսում, որից առու էր սարքած ու ջուր բերված գյուղի վերևի մասը: Եվ գետի, և առվի ջուրը շատ առատ էին ու իմ նախանձը շարժեցին: Ես այն տեսնելուց հետո նոր հասկացա, թե ինչու Պատելա գյուղը այդքան հարուստ է այգիներով և տանը հորիցս իմացա, որ այդ առվի ջուրը նախկինում հասել է միչև մեր կողմ, Օճոշանի դաշտերը, բայց թուրքերը այն հետագայում կտրել են:
Ճանապարհի վերևի կողմով ընթացող առվի առատ ու սառը ջրում ոտքերս վերջին անգամ լվանալուց հետո, հագնվեցի ու շուտով հասա անցակետը: Հանդիպեցի առավոտյան "ծանոթներիս", համապատասխան փաստաթղթային ստուգումներից հետո, փոշոտ ճանապարհով հասա Մեծ գետը, լողացա ու սկսեցի դեպի մեր գյուղ տանող վերելքը: Բավական դժվարությամբ, բայց դեռ արևը մայր չմտած հասա տուն: Մերոնք ուրախացան, որ ողջ ու առողջ տեղ հասա, շատ հետաքրքրված սկսեցին ինձ հարցուփորձ անել: Նրանց հետաքրքրությունը բավարարելուց ու միաժամանակ սնվելուց հետո, պառկեցի դիվանին: Հայրս ինձ նայեց, հավանաբար հիշեց նախկինում իր Ճաղիսման գնալ-գալը ու ժպտալով ասեց. "Էէէ, էքվան դու էլ չես կյնա պտտա, օտվիդ գեշ ցավին տի": Հայրս չէր պատկերացնում, որ ես արդեն վարժված եմ, ամեն առավոտ մեկ ժամ վազում եմ ու ամեն կիրակի 20 կմ քայլում ` գնում սար ու վերադառնում:
Հաջորդ առավոտյան վաղ, ինչպես միշտ, վեր կացա լրիվ հանգստացած ու մինչև ծնողներս կարթնանային, ամեն օրվա նման բարձրացա Սրթին Յաթաղը, այնտեղից հայցքով չափեցի նախորդ օրն իմ անցած ճանապարհը և խորասուզվեցի հիշողությունների մեջ: Նման ու ավելի հեռու տարածություններ մի քանի տասնյակ անգամ սարերով ու հողածածկ ճանապարհներով Կիրովականում, Ամերիկայում քայլել եմ, բայց ասֆալտով` շատ ավելի հոգնեցուցիչ էր: Հիշեցի ու զարմացա, թե ինչպես էին կարողանում մեր գյուղի մեծահասակ կանայք, առանց երկար քայլելուն վարժված լինելու, Լենինական ուխտ գնալու ժամանակ, մոտ 180 կմ ասֆալտապատ ճանապարհը մի քանի օրում հաղթահարում: Հավանաբար, մարդ եթե մի բան շատ սրատանց ցանկանում է անել, բոլոր արգելքներն ու դժվարությունները ավելի հեշտ է հաղթահարում: Մտորումների մեջ վերադարձ տուն, անցա իմ առօրյա գործերին:
Գուցե իմ նկարագրած ճանապարհորդությունը առանձնակի հետաքրքրություն չէր ներկայացնում և ընթերցողի մոտ հարց առաջանա, թե ինչ իմաստ ուներ այն իրագործելը: Մարդիկ տարբեր են և նրանց դատողություններն ու հետաքրքրությունները նույնպես տարբեր: Ենթադրում եմ, որ նման ճանապարհորդություն կատարելու ցանկություն ունեցողներ էլի կլինեն և այդ հնարավորությունը չունենալով, իմ այս փոքր ակնարկը կարդալով, ինչ-որ չափով կբավարարեն իրենց այդ հետաքրքրասիրությունը:
Հիշեցի 1990 թվականին Փարիզում, տարիքն առած ֆրանսիահայ բարեկամիս պատմածը, որը այնտեղ ծնված ու մեծացած, Նախիջևանից գաղթածի զավակ էր: Մանկական հասակում կարիքի մեջ լինելով, բավարար գումար չեն ունեցել կինո գնալու, ընկերներով փող են հավաքել ու ամեն անգամ իրենցից որևէ մեկի համար տոմս առել: Կինո գնացողը այն դիտելուց հետո, դուրս է եկել ու բովանդակությունը մյուսներին պատմել:
Категория: Рассказы | Добавил: Andro (11.08.2014) | Автор: Andranik Poghosyan
Просмотров: 849 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Хашут © 2024 | Сайт управляется системой uCoz