Ճառալը գտնվում է մեր գյուղից մոտ ինը կիլոմետր հեռավորության վրա: Այն նախկինում թուրքական փոքր բնակավայր է եղել: 1944 թվականին նրա բնակիչներին , մոտ քառասուն հազար այսպես կոչված "Մեսխեթի թուրքեր"-ի կազմում աքսորել են Միջին Ասիա, որից հետո այդ գյուղն ու իր շջապատը անցել է մեզ ու այն օգտագործվել որպես կոլխոզի անասունների ձմեռանոց: Ծնողներս աշխատելով կոլխոզի այդ ճյուղում, ես ու եղբայրս նույնպես նրանց հետ միասին, մինչ դպրոց հաճախելը, ձմռանը ապրել ենք այնտեղ իսկ ամռան ամիսներին տեղափոխվել յայլա: Այդ պատճառով իմ վաղ մանկական հիշողությունները հիմնականում կապված են Ճառալի ու յայլայի հետ: Այն ժամանկ թուրքերի աքսորից անցել էր մի քանի տարի ու գյուղից բավականին տներ դեռ մնացել էին անփոփոխ: Գյուղի վերևի ձախ կողմում կոլխոզի կողմից ավելացվել էր երկու ոչխարի փարախ: Աջ կողմում մզկիթից քիչ վերև զինվորականները կառուցել էին մի քանի փայտաշեն տներ սպաների համար, իսկ գյուղամիջի ճանապարհից դեպի ձորի կողմը գտնվող թուրքերի տներից մի մասը քանդել ու այդ հարթ տեղում զինվորական "կազարման" ու ակումբն էին տեղակայել: Բացի մզկիթից ու զինվորականների շինություններից , գյուղի տներն ու ոչխարի փարախները բոլոր հողածածկ էին: Հետագայում կոլխոզի կողմից կառուցվեցին ևս երկու-երեք գոմ գյուղի ներքևում ու մի հանրակացարան ձախ կողմի միջին մասում, որի ներքնահարկը որպես կոլխոզի պահեստ էր ծառայում: Ճառալում էին նաև կոլխոզի մեղուները, որոնք սկզբնական շրջանում գտնվում էին գյուղի ներքևի մասում, հետագայում, զինվորականների հեռանալուց ու թուրքերի տների վերացումից հետո տեղափոխվեցին նրանց տեղը, գյուղի վերևի մասը: Ներքևի գոմերի ձորի կողմում մի քանի մեծ ու երկար դեզերի ձևով կուտակում էին անասունների ձմեռվա խոտը (գյուղում նրանց անվանում էին "թայա"): Գյուղից ավելի ներքև ու վերևի կողմերում կոլխոզի կարտոֆիլի, ցորենի ու գարու դաշտերն էին: Մեր ընտանիքը դեռ երկու երխայով էինք ու ապրում էինք ճանապարհի կողքին, թուրքերի իրար կպած տներից մեկում: Այն նույնպես հողածածկ, մութ ու խոնավ մի բնակարան էր, բայց այդ ժամանակները մենք` փոքրերս հարմարված էինք վատ պայմաններին ու հիշողությանս մեջ դժվարությունները առանձնապես չեն տպավորվել: Միայն հիմա, հետհայացք գցելով անցածի վրա, նոր գիտակցում ու պատկերացնում եմ ծնողներիս` այն տարիների տառապանքներով ու զրկանքներով լի դժվարին կյանքը: Մեծահասակները անընդհատ զբաղված էին իրենց անվերջանալի գործերով, իսկ փոքրերս մեզ համար զբաղմունք ու խաղեր էինք գտնում ինքնուրույն, առանց մեծերի հսկողության: Դրանք մեծմասամբ կապված էին անտառների, դաշտերի, ջրերի և քար ու հողի հետ: Ինչպես արդեն նշեցի, Ճառալի մեջ էր գտնվում նաև մի դաշտային զինվորական մաս ազգությամբ ռուս զինվորներով, սպաներով ու նրանց` մեր հասակակից երեխաներով: Մեր մանկական կյանքում այն բավական մեծ հետաքրքրություն ու բազմազանություն էր մտցնում: Հաճախակի մեր խաղերին մասնակցում էին նաև սպաների երեխաները, որոնց մեջ մենք արդեն զատում էինք մեզ համար դեռևս անհասկանալի ռուսերեն լեզվով խոսացող "լավ" ու "վատ" փոքրերին: Հիշողությանս մեջ ջերմ են մնացել այդ զինվորական մասի պետի տղան` Վիտյան ու իր մայրը` ծոծյա Դոսյան: Վիտյան իմ տարիքին էր, մեր ընտանիքները մոտիկություն էին անում ու մենք հաճախակի իրար հետ էինք խաղում: Այն տարիներին մեր մոտ, բացի մեր գյուղական յուրահատուկ գաթայից, այլ թխվածքներ չէին անում, իսկ ծյոծյա Դոսյան փոքրերիս միշտ հյուրասիրում էր իր կողմից պատրաստված քաղցրահամ ու համեղ բլիթներով: Հետագայում մայրս, մեր թախանձանքներին ենթարկվելով` ինքը նույնպես սովորեց ու սկսեց պատրաստել: Մի անգամ Վիտյաի հետ իրենց տանը խաղալու ժամանակ, պատահական վերցրեցի հեռախոսափողը ՝ չիմանալով, թե ինչ է այն: Շատ զարմացա նրանից լսվող ռուսերեն խոսակցությունից ու վախեցած նորից իր տեղը դրեցի: Այնուհետև լսվեց զանգի ձայն, ծոծյա Դոսյան մոտցավ ու հեռախոսը վերցնելով խոսեց, հավանաբար պատասխանատու զինվորին բացատրելով իրենց տնից պատահական գնացած զանգի պատճառը և մեզ զգուշացրեց այլևս ձեռք չտալ նրան: Տարիներ անց, երբ դեռ ես ցածր դասարաններում էի, մեր գյուղացի Օրջոնոկիձեում սովորող մի ուսանող այնտեղ գտել էր նրանց ընտանիքը ու հետները մոտիկ լինելով ՝ արձակուրդներին իր հետ գյուղ էր բերել նաև Վիտյաին: Գյուղի գետում լողանալու ժամանակ ես ամաչելով մոտեցա նրան, ցանկացա իմ իմացած ռուսերենով հետը զրուցել, սակայն նա հավանաբար ինձ լավ չհիշեց ու առանձնապես ուշադրություն չհատկացրեց: Ես սպասումներիս չարժանանալով, ներքուստ շատ ազդվեցի, բայց այն ցույց չտալով հեռացա։ Շատ ավելի ուշ, երբ արդեն ինստիտուտի վերջին կուրսերում էի, մեր յայլայում նորից հանդիպեցի նրան: Այս անգամ, բավական երկար և ուրախ իրար հետ զրուցեցինք, պատմեցինք մեր հիշողությունները Ճառալից ու իրարից գոհ բաժանվեցինք։ Այն տարիներին կոլխոզն ուներ երկու փոքր բեռնատար մեքենա, որոնցով երբեմն բեռներ էին բերում Ճառալ: Դրանց անվանում էինք "պալտառատոնկա" ու երբ բեռնված էին գալիս, Ճառալի ներքևում ճանապարհի փոքր վերելքը դժվարանում էին բարձրանալ: Մեքենայի ձայնը լսելով, բոլորս վազում էինք ներքև հետևելու, թե ինչպես է նա, առջևից լծված երկու զույգ եզների օգնությամբ մի կերպ հաղթահարում այդ վերելքը: Մի օր, գյուղի ներքևից մեքենայի նման, բայց շատ ավելի ուժեղ ու անսովոր աղմուկ լսելով, երեխաներով վազեցինք դեպի ճանապարհը ու առաջին անգամ տեսանք երկու ահռելի տանկեր, որոնք հռնդոցուվ եկան ու կանգնեցին մզկիթի կողքին գտնվող հարթակում: Մենք պատի վրա շարված զարմանքով ու հիացմունքով նայում էինք, թե ինչպես նրանցից դուրս եկան տանկիստները ու իջան ցած: Այնուհետև նրանք տեղի զինվորականների հետ խմբված աշխույժ զրուցում էին, երբ մեզ համար շատ անսպասելի, սպաներից մեկը մոտեցավ մեզ, եղբորս վերցրեց ու տարավ կանգնեցրեց տանկի վրա: Մենք ուրախ աղմկում էինք, մանկական նախանձով հետևում տանկի վրա հպարտ կանգնած այս ու այն կողմ նայող եղբորս, մտքներումս հույս էինք փայփայում մենք էլ այնտեղ հայտնվելու, սակայն այդ "բախտը" միայն նրան ժպտաց... Եվ այն պատահական չէր. եղբայրս բնավորությանբ շատ ավելի աշխույժ ու սիրված էր բնակիչների կողմից: Նա այն ժամանկ ուներ քիչ դուրս ցցված փոքրիկ փորիկ: Մեծահասակները, նրան նմանեցնելով անտառապահների ավագ, ազգությամբ վրացի ու բավական մեծ փոր ունեցող Վասիլին, հաճախակի նրան խնդրում էին. "Ինձի համար մե վասիլմ էղի": Նա չեր դժգոհում, այլ ուրախությամբ ձեռները վերև էր բարձրացնում, փորը ավելի ցցում ու բարձրաձայն կանչում." Վասիլմ կլլիմ քեզի համ-աա-ր": Մի ուրիշ օր, ես մեր դռա առջևի ճանապարհի մեջտեղով գնացող ջրի հետ մենակ խաղում էի` "գոլ" էի կապում, "առվուն" ու "ճաղասք" սարքում, երբ քիչ վերևում ջրի մեջ նկատեցի ինչ-որ շարժվող բան: Կարծելով, թե գորտ կլինի, մոտեցա ու տեսա, իմ այն ժամանակվա պատկերացմամբ, բավական խոշոր կարմրախայտ մի ձուկ, որը ջրի սակավության պատճառով քարերի մեջ արագ չեր կարողանում լողալ ու մի քանի փորձերից հետո ես նրան բռնեցի: ՈՒրախացած իմ հաջողությունից, ձուկը ձեռքիս վազում էի դեպի ոչխարի փարախ այն ցույց տալու մայրիկիս: Այդ ճանապարհին ինձ հանդիպեց տարիքով ավելի մեծ մի աղջիկ ու ձուկը ձեռքիցս խլելով` փախավ: Ես շատ ազդված, լացելով հասա փարախ: Այնտեղ էր նաև պապիկս ու իմ բողոքից հետո, միասին գնացինք ու "հափշտակիչ"-ից ձուկը հետ վերցրեցինք: Լուրը լսելով, շուտով հավաքվեցին եղբայրս, ընկերներս ու հետաքրքրությամբ "ուսումնասիրեցինք" ձկանը: Այնուհետև, տնից դուրս գալու ժամանկ, ընկերներիս խորհրդով, ձուկը տեղավորեցի ջրով լցված դույլի մեջ ու բերանը փակեցի, որպեսզի այն հանկարծ "չէ սաղանա օ փաղչի": Ձուկը "չեր փախել" ու երեկոյան մայրս այն մեզ համար եփեց: Մի ուրիշ` շատ հազվադեպ օրերից մեկը, երխաներով լսեցինք, որ զինվորների համար կինո են բերել ցուցադրելու: Հավաքվելով ակումբի դռներին, ուղիներ էինք փնտրում զինվորների հետ միասին կինոն դիտելու: Վերջապես, մեծ երեխաներին հաջողվեց դռանը պահակ կանգնած փոքրամարմին զինվորին համոզել յուրաքանչյուրիս մեկական լավաշով ներս թողնելու: Ամենքս վազեցինք մեր տները խոստացված լավաշը բերելու: Ես ու եղբայրս անակնկալի եկանք, երբ տեսանք մեր դուռ փակված ու իմացանք, որ մայրս գառներին տարել է վերևի թմբերը արածելու: Երկար պտտվելուց հետո մորս գտանք, բանալիները վերցնելով նորից տուն հասանք, վեջապես լավաշները ձեռներիս մոտեցանք ակումբին... բայց արդեն ուշացել էինք ու կինոն վերջացել էր: Մի ամառային օր, դպրոցական հասակի տղա երեխաներից մի քանիսը իրենց օգնելու համար մեզ՝ փոքրերիս տարան Ճառալի դիմացի անտառ, որտեղ իրենք նախորդ օրերին մի ծառի վրա նկատել էին ագռավի բույն։ Նրանցից մեկը սկսեց բարձրանալ ծառը, իսկ մյուսներս փայտերով զինված ներքևում սպասում էինք։ Նա դեռ նոր սկսել էր մագլցել, վերևում աղմուկ հանելով ագռավներ սկսեցին պտտվել։ Չնայած մեր աղմկելուն ու դեպի վերև փայտեր շպրտելուն, կարճ ժամանակում նրաց թիվը շատացավ, աղմուկն ավելացավ ու արդեն սկսեցին իրենց բնին մոտեցող տղայի գլխավերևում հարձակողական բնույթի թռիչքներ անել։ Շուտով լսվեց տղայի աղեկտուր ճիչը ստացած կտցահարվածներից ու նա ստիպված սկսեց իջնել ծառից՝ մի կերպ գլուխն ազատելով նրանցից։ Մեր գյուղում ապրած ու մեծացած տղաներից շատերը երևի համանման իրավիճակում նույնպես եղել են։ Երկու հորեղբայրներս պատմում էին նույնանման դեպք, երբ իրենց փոքր ժամանակ, նրանցից մեկը, յայլայի մոտակա անտառում, բարձրացել է ագռավի բնով ծառը և գլխին բավական կտցի հարվածներ ստանալուց հետո, աղմուկի վրա այնտեղ հասած մեծերի օգնությամբ իջել ծառից, փրկվել։ Մի անգամ էլ գարնանը, կարծեմ Մայիսմեկյան տոնի առիթով, Ճառալ Ախալցխայից հատուկ ֆոտոնկարիչ էր եկել: Բոլորս ուրախացել էինք, ծնողներս արագորեն մեզ լողացնում էին, ունցած սակավաթիվ շորերս կանոնավորում, մեզ հնարավորինս լավ տեսքի բերում, պատրաստում նկարվելու: Տղամարդիկ նոր ծաղկած սալորենիներից մեծ-մեծ ճյուղեր կտրելով, դրանք դեմ արեցին մի տան պատին ու նրանց ֆոնի վրա նկարիչը ընտանիքներին առանձին-առանձին սկսեց նկարել: Այն իմ փոքր ժամանակվա հազվադեպ նկարներից մեկն է ու այդ օրը հիշողությանս մեջ լավ մնացել է: Նախադպրոցական տարիների Ճառալի հիշվող դեպքերից մեկն էլ երկու սիրահարների ժամադրությունն էր: Երևի չորս-հինգ տարեկան երեխա կլինեի, բայց լավ հիշում եմ, թե ինչպես աղբյուրից դույլերով ջուր տանող ջահել աղջիկն ու գյուղից հատուկ իր համար եկած նրա սիրած տղան, հենց իմ կողքին կանգնած, հավանաբար ենթադրելով, որ ես շատ փոքր եմ ու բան չեմ հասկանում, իրար հետ ժամադրվում էին: Տղան ուզում էր գնալ նրանց տուն, իսկ աղջիկը չեր համաձայնվում պատճառաբանելով, որ եղբայրը հիմա տանն է: Մի քանի տարի առաջ, գյուղում գտնվելու ժամանակ որպես բժիշկ, ինձ խնդրեցին հիվանդ կնոջը օգնելու համար այցելել այդ զույգի ընտանիք (նրանք արդեն նույնիսկ ծոռ ունեին): Հիվանդին նայելուց ու որոշ խորհուրդներ տալուց հետո, պատմեցի վերը նկարագրվող դեպքը: Նա շատ զարմացավ, ամեն ինչ հիշեց, ինքը ևս որոշ մանրամասներ լրացրեց, բյաց իմ այնտեղի ներկայությունը անկարող եղավ մտաբերել: Մտքումս իրեն արդարացրի... "սիրահարներին այդպիսի մանրուքները ներելի են"։ Փոքր հասակում ես շատ ամաչկոտ ու նման հարցերում տարեկիցներիս հետ համեմատած` բավական անտեղյակ մի երեխա էի: Արդեն մեծ հասակում, փոքրերի վերաբերյալ այդպիսի հարցեր քննարկելիս, վերջին այս դեպքը միշտ հիշում եմ ու ենթադրում, որ եթե այն ժամանկ իմ նան "հետամնաց" մեկը այդքան հասկանում էր, ուրեմն մենք այստեղ թերագնահատում ենք փոքրիկների ընդունակությունները: Հեռուստատեսության ու համակարգչային տեխնիկայի զարգացման այս դարում, ներկայիս երեխաներին չենք կարող համեմատել այն ժամանակվա իրենց հասակակիցների հետ ու հիմա այն մեզ համար գուցե շատ զարմանալի էլ չի: Ամերիկա գալուց առաջ, երեխաներիս, փեսայիս ու մի քանի երիտասարդ ազգագաններիս հետ այցելեցինք Ճառալ: Թուրքերի տները, զինվորական շինությունները, գոմերի մեծ մասը արդեն չկային, բայց նրանց հիմքերի տեղերը դեռ նշմարվում էին: Մենք խմբվել էինք Ճառալի վերջին կառույցներից մեկի` կիսաքանդ հանրակացարանի պատի շվաքի տակ։ Ես ուղեկիցներիս պատմում էի Ճառալի մասին իմ իմացածը ու ցույց տալիս շիությունների ու պատմածս զանազան դեպքերի տեղերը: Երեխաներից մեկ այն տեսախցիկով նկարահանում էր: Այն ժամանակ այդ ամայացող բնակավայրը դիտելով, հիշեցի իմ հանդիպումն ու զրույցը հարևան շրջանից այն տարիների Միջին Ասիա աքսորված մի թուրք ընտանիքի այնտեղ ծնված իմ տարեկից զավակի հետ։ Մենք ծանոթացանք Խորհրդային վերջին տարիներին տարբեր տեղերից Երևան եկած բժիշկների մեկամսյա վերապատրաստման խմբում: Երբ զրուցում էինք, իրեն տեղեկացրի, որ Բոգդանովկայի սահմանային ստուգման կետը այլևս չկա ու ինքը կարող է ազատ այցելել իր նախնիների ծննդավայր: Պարզվեց, որ մի քանի ամիս առաջ նա հոր հետ արդեն այնտեղ եղել է, սակայն բնակավայրի տեղում միայն կանաչ տարածություն են տեսել... Անցած տարի գյուղ եկած քրոջս երկու համալսարանական երեխաների հետ մենք նորից Ճառալ գնացինք: Այնտեղ դեռ կանգուն էր վերջերում կառուցված ամենաներքևի գոմը, իսկ հանրակացարանից մնացել էին միայն կանաչով ծածկված հիմքերի տեղերը: Մեր ապրած տան տեղում հարթ կանաչ էր, իսկ նրա մոտի ճանապարհի մեջտեղով նախկին ջուրը դեռ հոսում էր... Անկախ ինձանից` հայացքով այնտեղ իմ մանկությանս ձուկն էի փնտրում...